«Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Զինվորը չի մեռնում» ծրագրի շրջանակում hանդիպումներ է ունենում Վանաձորի կրթական հաստատությունների սաների հետ՝ վերջիններիս ծանոթացնելով Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների սխրանքներին։

 

Նոյեմբերի 20-ին հերթական հանդիպումն անցկացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ։ Միջոցառմանը ներկա են գտնվել «Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը, «Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ գնդապետ Կամո Հովհաննիսյանը, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, աշակերտներ եւ ուսանողներ։

 

«Արծվաշեն եւ որդիներ» ՀԿ նախագահ Յուրա Ղուլյանը նշել է, որ ծրագրի թիրախային խումբը պատահական չի ընտրվել. մինչ ծրագրի մեկնարկը հարցախույզ է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ երիտասարդության շրջանում առկա է ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցների մասին իրազեկվածության ցածր մակարդակ։ Մասնավորապես, հարցվածների ընդամենը 7 տոկոսն էր տեղյակ Արցախյան պատերազմին վանաձորցի ազատամարտիկների մասնակցության մասին: Վանաձորի ջոկատների մասին տեղյակ են եղել 2 տոկոսը, վանաձորցի ազատամարտիկներին գիտի 31 տոկոսը, այն էլ՝ իրենց ռազմագիտության ուսուցչին կամ էլ ծանոթ-բարեկամին: Յուրա Ղուլյանը նկատում է, որ նման հանդիպումներով փորձում են բարձրացնել Վանաձորի կամավորական ջոկատների, ազատամարտիկների մասին տեղեկացվածության մակարդակը քաղաքի պատանիների ու երիտասարդների շրջանում:

 

«Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ գնդապետ Կամո Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Վանաձորում կազմավորված ջոկատների անցած մարտական ուղին:

 

Արցախյան ազատամարտի տարիներին Վանաձորում ձեւավորվել է 9 ջոկատ («Զորավար Անդրանիկ», Հատուկ գնդի «Գուգարք» վաշտ, «Նժդեհ» ԱԻՄ, «Վանաձոր», «Անի», «Սամսոն», «Վրեժ», «Էրզրում-Կարին», «Վան»), որոնք մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ Արցախի ազատագրմանը։ Հովհաննիսյանը նշել է , որ վանաձորցիները մասնակից են եղել Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած գրեթե բոլոր մարտական գործողություններին։ Վանաձորը մինչեւ զինադադարի կնքման պահը տվել է 202 զոհ։

 

Վանաձորցիների թվում եղել են նաեւ մահապարտներ, ովքեր համալրել են մահապարտների գումարտակը։ Գնդապետ Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ երիտասարդների հետ յուրաքանչյուր հանդիպմանը ներկայացվում է Վանաձորում ձեւավորված ջոկատներից մեկը, անցած ուղին, հրամանատարներին եւ մարտիկներին, որպեսզի պատերազմից հետո ծնված սերունդը ճանաչի մերօրյա հերոսներին։

 

Կամո Հովհաննիսյանը կարեւորել է այն փաստը, որ վերջերս ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների եւ «Երկրապահ» կամավորականների միության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր' ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու եւ նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Բացի այդ, տպագրվել է ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկ։ Սրանք քայլեր են, որոնք, ըստ Հովհաննիսյանի, պատշաճ կերպով կփոխանցեն Արցախյա ն գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մատաղ սերնդին:

 

«Զինվորը չի մեռնում» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։