ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնում ծնված և մինչ օրս «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում գտնվող առանց վերջույթների երեխայի փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո, քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել երեխային ուղեգրել Միսիոներների բարեգործական կազմակերպություն:

 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Միսիոներների բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպության սաներին տրամադրում է անվճար առողջապահական ծառայություններ:

 

Բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հավաստմամբ երեխան ունի բազմակի արատներ և մշտապես պետք է գտնվի բժիշկների ուշադրության կենտրոնում, չեն բացառվում նաև վիրահատական միջամտությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի՝ Երևանում մնալու պարագայում:

 

Ինչպես հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեխային Միսիոներների բարեգործական կազմակերպություն ուղեգրելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախատեսվում է իրականացնել երեխայի հետագա բուժումը:

 

Նոյեմբերի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխային ուղեգրել է Միսիոներների բարեգործական կազմակերպություն: