Forbes-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է քաղաքական իրադարձությունները Վրաստանում: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:

Նա անդրադարձել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:

 

«Վրաստանը յուրահատուկ հնարավորություն ուներ 2012թ.-ին, թեև այդ խումբը, ավելի ճիշտ՝ Իվանիշվիլին, ով իր հետ ինչ-որ խումբ բերեց, իսկապես ուղղված չէր առաջընթացին։ Գրեթե ամբողջ աշխարհում պայքար է ընթանում հետընթացի և առաջընթացի ուժերի միջև։

 

Դա տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում։ Եվ 2012-ին, բնականաբար, Վրաստանում հաղթեց հետընթացի ուժը։ Նրանք բացահայտ եկան հետընթացի կարգախոսներով՝ չթաքցնելով դրանք' սկսած նրանից, որ իրենց դուր չէին գալիս մեր ստեղծած ինստիտուտները, վերջացրած նրանով, որ պատրաստվում էին քանդել շինություններ։ Սակայն գլխավոր խնդիրն այն է, որ երկրում կորել է ոչ միայն տեմպը, այլ՝ տրամադրությունը և այն դրայվը, որն իսկապես կար»,- ասել է Սաակաշվիլին։

 

Նրա խոսքով՝ 8 տարի երկրում եղել է դրական էմիգրացիոն հավասարություն։ Դա նշանակում է, որ ավելի շատ մարդիկ վերադառնում էին, քան հեռանում։

 

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին ի նկատի ունենալով՝ Սաակաշվիլին ասել է, որ օլիգարխն իսկապես փորձում է սպանել քաղաքական գործընթացը: Նա փորձում է նվազեցնել երկրի արժեքը, այդ պատճառով էլ հիստերիայի մեջ բղավում է, որ երկիրն աղքատ, թշվառ, աննշան գյուղ է։ Պատճառն այն է, որ իր ամբողջ կյանքում նա միայն 2 բան է արել՝ գնել է էժանացած ակտիվներ և ղեկավարել իր ձեռնարկություններն օֆշորներից: