Լոնդոնի մետրոպոլիտենը ռեկորդ է սահմանել մեկ օրում ուղեևորների սպասարկման թվաքանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լոնդոնի մետրոյից մեկ օրում օգտվել է 4 միլիոն 576 հազար ուղևոր: Այս մասին հայտարարել է Անգլիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի ղեկավարությունը:

 

«Ռեկորդը գրանցվել է ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին: Գերազանցվել է նախկինում' 2012թ. օգոստոսի 7-ին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, սահմանված ռեկորդը: Այդ ժամանակ մեկ օրում Լոնդոնի մետրոյի ծառայություններից օգտվել էր 4 միլիոն 544 հազար մարդ: Ճիշտ է, այդ օրը մետրոն աշխատել է անվճար»,- հայտարարել է Լոնդոնի մետրոպոլիտենի ղեկավար Ֆիլ Հաֆթոնը:

 

Նոր ռեկորդի գրանցման օրը նույնպես ունեցել է իր առանձնահատկությունը: Կազմակերպություններից մեկը մետրոյով անվճար երթևեկելու հնարավորություն է տվել այն քաղաքացիներին, ովքեր ձեռք կբերեն մետրոյի համար նախատեսված նոր պլաստիկ քարտերը: Ծառայությունից օգտվել է 172 հազար մարդ: