Ուրախացա՝ իմանալով, որ վաղը աշխատանքային այցով Փարիզ կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Էդ խեղճ մարդը գոնե մի քիչ կհանգստանա, կվայելի Փարիզի հյուրընկալության պտուղները, իր գեղագիտական ճաշակը կհարստացնի «սիրո քաղաքի» տեսարժան ու ռոմանտիկ վայրերով:

 

Հիմա կասեք՝ էս ինչո՞ւ ես դարդ ու ցավդ թողած' Գալուստի դարդը քաշում:

Դե, որովհետև հումանիստ եմ, համ էլ՝ չեմ ուրանում էն մի կտոր հացը, որ ժամանակին կիսել եմ պարոն Սահակյանի հետ:

 

Անցած շաբաթը, բոլոր առումներով, ծանր ստացվեց Ազգային ժողովի նախագահի համար:

Գրիգորիչն ապարատային հարցերում հմտություններ ունի՝ անվիճելի, սակայն անցյալ շաբաթ մի երկու անգամ բացթողում արեց, ինչի հետևանքով խորհրդարանի արտահերթ նիստում տապալվեցին կառավարության մի քանի նախաձեռնություններ:

 

Գուցե սրանում Գալուստ Սահակյանի մեղքը չկա. ի վերջո՝ մարդը չի կարող թե’ նախագահություն անել, և թե’ հեռախոսը վերցնել ու քվորում ապահովելու համար մեկ-մեկ զանգել (Խնկո Ապոր ականջը կանչի) խոհրդարանական մեծամասնության անսանձ «կայֆարիկներին»: Համ էլ՝ գուցե մեծամասնության շուստրիներն արդեն ենթադրում են, որ շուտով լինելու է Հովիկ Աբրահամյանի կառավարության «վերջին զանգը»:

 

«Գուցե»-ները շատ են, այդ թվում՝ անմեղ: Ասենք, կարող է այնպես պատահել, որ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քարտուղարուհին այդ օրը ուշ է արթնացել ու չի հասցրել քվեարկության ժամի մասին պատշաճ ծանուցել Հանրապետական պատգամավորներին:

 

Բայց փաստն այն է, որ այն ԱԺ-ն, որի ղեկավարն է Գալուստ Սահակյանը, տապալեց այն կառավարության երկու նախագիծը, որի ղեկավարը Հովիկ Աբրահամյանն է՝ այն նույն Հովիկ Աբրահամյանը, ով կառավարության վերջին նիստում բանավեճ ունեցավ Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանի՝ Գալուստի որդու հետ:

 

Դե արի ու էս ամենի կողքով անտարբեր անցիր ու իրադարձությունների մեջ կապ մի տես: Մի քիչ չի ստացվում, որովհետև Հայաստանում քաղաքականություն չկա ու ամեն բան անձնական հարաբերությունների, տարբեր կարգի «ճշտերի» վրա է կառուցված:

 

Բայց սա միակ տհաճությունը չէր, որ անցյալ շաբաթ պատահեց շուլուխի սիրահար մեր խոսնակի հետ:

Թարսի պես, Հայաստան էր ժամանել կիպրացի նրա գործընկերը ու, էլի թարսի պես, արարողակարգը նման դեպքերի համար համատեղ ասուլիսի անհրաժեշտություն է ծնում: Էս մեր անխիղճ լրագրողներն էլ հենց կիպրացի են տեսնում, օֆշորն ու Տիգրան Սարգսյանին են հիշում: Էս ասուլիսն էլ այսպես հարամվեց:

 

Մի խոսքով՝ Գրիգորիչի շաբաթը չստացվեց, ու նա մի պահ երնեկ տվեց իր անհոգ կյանքին:

Այ, դրա համար էլ ասում եմ՝ Փարիզի գործուղումը ռելաքսի պես մի բան է…

 

Սուրեն Սուրենյանց