Ղրիմի հարցի շուրջ լուծումները հաշվարկված էին, իսկ դրանց հաջողության մասին կասկածներ չկան, քանի որ ճշմարտությունը Ռուսաստանի կողմն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ՏԱՍՍ»-ի' «Առաջին դեմքեր» հատուկ նախագծին տված հարցազրույցում:

 

«Պետք է կարողանալ հաշվի առնել բոլոր հնարավոր հետևանքները և որոշումներ կայացնելու ժամանակ նկատի ունենալ իրադարձությունների հնարավոր զարգացումները, որպեսզի բացառվեն դժբախտությունները: Չի կարելի թույլ տալ չկշռադատված քայլեր, սխալի համար շատ բարձր գին է սահմանված»,-նշել է Պուտինը:

 

Հարցին' թե արդյոք հաշվարկված էին Ղրիմի շուրջ ՌԴ-ի ձեռնարկած քայլերի հնարավոր հետևանքները, Պուտինը հաստատակամորեն նշել է. «Այո: Դա ռազմավարական որոշում է»: Ճշգրտող' արդյոք դա լավ ավարտ կունենա, հարցին ՌԴ նախագահը պատասխանել է. «Կարծում եմ' հենց այդպես էլ կլինի: Պարզապես մենք ուժեղ ենք: Բոլորից: Որովհետև մենք ճիշտ ենք: «Այս պարագայում ես կասկածներ չունեմ»,-ընդգծել է նախագահը:

 

Պուտինը նշել է, որ երբեք հայեցողական որոշումներ չի կայացնում: «Այնպիսի որոշումներ, որոնց հետևանքները չեմ տեսնում: Եթե դա տեղի չի ունենում, փորձում եմ որքան հնարավոր է սպասել»,-նշել է նա' մեջբերելով «Վստահ չես, մի վազանցիր» թեզը: «Դա նրանք են, ովքեր փորձում են մեզ հետ մրցակցել, իսկ մենք մեր տեղում ենք, անհրաժեշտ արագությամբ»,-ընդգծել է ՌԴ նախագահը' խոսելով ժամանակակից Ռուսաստանի մասին: