Դոնեցկի մարզի Տորեզ քաղաքի Պելեգաևկա կայարանից դեպի Խարկով է ուղևորվել հուլիսին կործանված մալազիական Boeing-ի բեկորները տեղափոխող գնացքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Խարկովից այն ուղևորվելու է Նիդեռլանդներ: Գնացքն ուղեկցում են Նիդեռլանդների անվտանգության խորհրդի 15 մասնագետներից կազմված խումբը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ, հոլանդացի մի խումբ ոստիկաններ, ինչպես նաև վեց աշխարհազորայիններ:

 

Ինքնաթիռի բեկորները հավաքվել են Գրաբովո, Ռասսիպնոյե և Պետրոպավլովկա գյուղերի մոտակայքից, բեկորները տեղափոխվում են 11բաց, մեկ փակ վագոններով, ևս մեկը ուղևորատար վագոն է, որտեղ տեղավորվել են մասնագետները, ԵԱՀԿ ներկայացուցիչները և աշխարհազորայինները:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել են ԴԺՀ-ի տրանսպորտի և կապի նախարարությունից, աշխարհազորայինները գնացքն ուղեկցելու են մինչև Յասինովատայա կայարան, որտեղ այն իրենց հսկողության տակ կվերցնեն ուկրաինացի ուժայինները:

 

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Boeing-ը ավիավթարի է ենթարկվել հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում: Ինքնաթիռի բոլոր 298 ուղևորները մահացել են: