Առնվազն երկու մարդ՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ու ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, հաստատել են, որ շաբաթներ առաջ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը:

 

Ըստ ամենայնի՝ հենց այս հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Համենայն դեպս, դրանից հետո Սերժ Սարգսյանը խոսեց Եռյակի 12 պահանջները ևս մեկ անգամ քննարկելու անհրաժեշտության մասին, իսկԳագիկ Ծառուկյանի կուսակցությունն, ըստ էության, դադարեցրեց հանրահավաքային շարժումը:


Հայաստանի քաղաքական համակարգն անձնավորված է ու փակ: Հիմնական պայմանավորվածությունները կայացվում են փակ դռների հետևում, ու այդ պայմանավորվածություններից տեղյակ չեն լինում ոչ միայն հասարակությունը, այլև կուսակցական շարքերը:

 

Թերևս սա է պատճառը, որ նշված հանդիպումից հետո, իշխանության ու Եռյակի մյուս գործիչների հրապարակային ելույթները, փոխադարձ մեղադրանքները զրկվել են բովանդակությունից, նմանվել են գզվռտոցի:


Փաստերն առավել քան խոսուն են:


ՀՀԿ-ն իր խոսնակի շուրթերով բարձրաձայնում է, որ Եռյակ ասելով՝ իրենք նկատի ունեն Գագիկ Ծառուկյանին, ոչ թե, ասենք, Լևոն Զուրաբյանին կամ Ռուբիկ Հակոբյանին, կամ գոնե ԲՀԿ-ին: Իշխանության առաջարկած այս կոնֆիգուրացիային ԲՀԿ-ն գործնականում չի հակադրվում, որովհետև հենց Գագիկ Ծառուկյանն է ներկայացվում՝ որպես կոնսոլիդացիայի կենտրոն, հանրահավաքային պայքարի պաուզայի համատեքստում միայն նա է նույնանում Եռյակ կոչված ձևաչափի հետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդավոր լռության ու Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնախույս դիրքորոշումների համատեքստում:


Այս պարագայում, իսկապես կարևորությունից զրկվում են մյուսների ելույթներն ու խոսքը: Ասենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է ավարտված համարել 12 կետերի քննարկումները, հետո՝ մի քանի ժամ հետո, իր խոսնակի միջոցով պատրաստակամություն հայտնել՝ 12 կետերի շուրջ երկխոսության նստել ընդդիմության հետ: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, իսկապես համարում է, որ հնչած պահանջների շուրջ այլևս խոսելու բան չունի ընդդիմության հետ, սակայն ստիպված է կատարել այն, ինչ որոշել, հանձնարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:


ՀԱԿ-ն անընդունելի էր համարում հանրահավաքային պայքարի դադարեցումը, նույնիսկ այդ թեմայով հայտարարություն տարածեց հայաստանյան իրականության համար անսովոր կիրակի օրը, սակայն, ի վերջո, հեզ ու խոնարհ մասնակցում է կամ հետևում է այն մարտավարությանը, որը որդեգրել է ԲՀԿ-ն: Այսինքն՝ շրջում են մարզերով, գրասենյակների մուտքի «ԲՀԿ» ցուցանակը փոխարինում են «Համաժողովրդական շարժում» հավակնոտ ու փքուն վերտառությամբ ցուցանակով:

 

Որևէ հանրապետական, ինչքան ուզում է թող ծաղրի Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթները, միևնույն է՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմացնում է նրա ընդդիմադիր առաջնորդությունը, որովհետև ԲՀԿ նախագահի հետ հանդիպում է, թեկուզ ոչ հրապարակային ու հարցեր է քննարկում:

 

Լևոն Զուրաբյանն ինչքան ուզում է, թող խոսի հեղափոխությունից, միևնույն է՝ Գագիկ Ծառուկյանի սիրտը ոչ թե հեղափոխություն է ուզում, այլ իր «փայն» իշխանության մեջ:


Անձնակենտրոն քաղաքական համակարգերը չեն կարող նպաստել երկրի զարգացմանը, մրցակցային ու ծրագրային միջավայր ստեղծել: Բայց այսպիսին է Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը՝ իր դաժան կանոններով ու հարաբերություններով ու դրանց հակադրվողները վերածվում են մարգինալի՝ Տեր-Պետրոսյանի դիպուկ բնորոշմամբ: Թերևս առաջին նախագահը լռում է, որպեսզի այլոց վերագրած բնորոշումը բումերանգի նման չվերադարձվի իրեն:



Սուրեն Սուրենյանց