Վրաստանն այլևս չի կարող ժամանակ կորցնել: Այս մասին հայտնել է "Грузия Online"-ը՝ մեջբերելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքը:

 

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել «Վարդերի հեղափոխության» 11-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախկին նախագահն այդ առթով հրապարակել է հատուկ ուղերձ:

 

Նրա խոսքով՝ պատասխանելու համար այն հարցին, թե այսօր Վրաստանն արդյոք ավելի լավն է, քան 2003-ին, բավական է մեկ րոպե փակել աչքերը և պատկերացնել մի երկիր, «որտեղ պետական ինստիտուտները ղեկավարում են իշխանության ներկայացուցիչներն՝ «օրենքով գողերի» հետ միասին, և կաշառակերությունն այնքան ուժեղ է, որ կաշառք տալը միակ ելքն է քաղաքացիների համար»։

 

Նախկին նախագահը հայտարարել է, որ չնայած ձեռքբերումներին, հարկ է խոսել ապագայի մասին՝ հաշվի առնելով սխալները, դասեր քաղել դրանցից և լավ սովորել: Սաակաշվիլիի խոսքով՝ «Վրաստանին պետք է նոր միասնություն և էներգիա՝ ապագա զարգացման համար»։ Քաղաքական գործիչը կոչ է անում ևս մեկ անգամ կառուցել ժամանակակից, հաջողակ, բազմաէթնիկ վրացական հասարակություն, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին:

 

Սաակաշվիլին նշել է, որ «Վարդերի հեղափոխության» հիմնական էությունն անընդհատ շարժման մեջ լինելն ու նորացումն է:

 

«Խավարի և հետընթացի ուժերը կրկին քաշում են մեզ դեպի ճահիճ, և այդ պատճառով այսօր, ինչպես երբևէ, անհրաժեշտ է լարել մեր ազգային մարմնի յուրաքանչյուր մկանը և շարժվել դեպի նպատակն արագացված տեմպերով։ Վրաստանն այլևս չպետք է ժամանակ կորցնի»,- հայտարարել է Սաակաշվիլին։