Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Ճիկաիձեն նոյեմբերի 19-ին ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, անդրադարձ է կատարվել իրավապահ ոլորտում երկու երկրների միջև ակտիվ համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է միջազգային մարտահրավերների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:  

 

Դեսպան Վարդանյանը և նախարար Ճիկաիձեն քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հեռանկարներն ու առկա ներուժի առավել ակտիվ օգտագործման հնարավորությունները: