ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությանը համաձայն չէ երկրի բնակչության 54 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է CNN հեռուստաընկերությունը:

 

Ամերիկացիները, մասնավորապես, դժգոհ են այն բանից, թե Օբաման ինչպես Է հակազդում ահաբեկչության սպառնալիքին: ԱՄՆ-ի բնակիչների մոտավորապես կեսն այն կարծիքին Է, որ Իրաքում եւ Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը լուրջ վտանգ Է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Հարցվածների միայն շուրջ 60 տոկոսն Է վստահ, որ ԱՄՆ-ին, ի վերջո, կհաջողվի հաղթանակի հասնել ԻՊ-ի զինյալների նկատմամբ:

 

Ամերիկացիների մեծամասնությունը նախկինի պես բացասաբար Է վերաբերվում ԻՊ-ի դեմ պայքարելու համար Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի զինծառայողների ուղարկելու պլաններին: Սակայն հարցվածների 43 տոկոսը թույլ Է տալիս նման հնարավորություն:

 

CNN-ը հիշեցնում Է, որ նոյեմբերի 24-ին նախագահ Օբաման հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի պաշտոնաթողության մասին: Ինչպես նշել Է «Նյու Յորք թայմս» թերթը, նրա պաշտոնաթողությունը կարող Է կապված լինել այն բանի հետ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գլուխ չի հանում ԻՊ-ին դիմակայելու խնդրից:

 

Հարցմանը, որն անցկացվել Է նոյեմբերի 21-ից մինչեւ 23-ը, մասնակցել են ԱՄՆ-ի հազարից փոքր ինչ ավելի չափահաս բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: