«ՉԻ»-ն շաբաթ օրվա համարում' «Անանուն մեղադրանքներ կամ պատվերով համերգ» վերնագրի ներքո անդրադարձել էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում կայանալիք Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրություններին: Պատճառն այն էր հանդիսացել, որ «Ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, անդրադարձել էր առաջադրված թեկնածուներից Լազար Եսայանին' անանուն մեղադրանքներ ներկայացնելով նրան և հրապարակելով ամբիոնի նիստից գաղտնի արված մի ձայնագրություն: Այնուհետև ձայնագրությունը լրագրողը մեկնաբանել էր այնպես, ինչպես կամեցել էր: Շաբաթ օրը մենք տեղեկացրել էինք, որ համալսարանականները զրպարտություն և հերյուրանք են որակել հրապարակումը:


Արդեն երեկ Երևանի պետական բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիաի ամբիոնի դասախոսկան կազմը հայտարարություն է արել, որով պատասխանել է ամբիոնի վարիչի ընտրությունների հետ կապված հրապարակմանը: Հայտարարության մեջ ասված է. «Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրությունները պատճառ հանդիսացան մամուլում տարբեր որակի հրապարակումների համար: Հարցը հասարակական հնչողություն է ստացել, ուստի' մենք չենք կարող չարձագանքել: Նշվել են «կոնկրետ փաստեր», բերվել համապատասխան «օրինակներ»: Մասնավորապես, որ իբր ամբիոնի աշխատակիցների պնդմամբ, պարոն Եսայանը թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի և թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավարման տարիներին բազմաթիվ խախատումներ և յուրացումներ է թույլ տվել, «աշխատակիցներին վախեցնելով և ճնշում գործադրելով' գումար հավաքել»:

 

Ներողամտություն հայցելով ընթերցողից, արտահայտում ենք մեր բուռն զայրույթն ու որակում անբարո' մի ամբողջ կոլեկտիվ անունից խեղաթյուրված, շինծու տեղեկատվության հրապարակումը' այդպիսով վիրավորելով դասախոս-բժիշկների մի ողջ կոլեկտիվ, մեր' տասնյակ տարիների անգնահատելի վաստակ ունեցող Alma-Mater-ը:

 

Հայտարարում ենք, որ ներկայացրած «փաստերը», իրողությանը չեն համապատասխանում: Ավելին' պարոն Եսայանի և մեր կոլեկտիվի աշխատակիցների հարաբերությունները միշտ եղել են գործնական, կայուն-դրական և մինչև օրս էլ շարունակում են այդպիսին: Այս առումով նույնպես ասեկոսները այն մասին, որ կոլեկտիվի հետ Եսայանի հարաբերությունները լարված են' ևս չեն համապատասխանում իրականությանը և կրում են մարդու հեղինակությունն ու վարկանիշը ստորաբար ուրիշների անունից աղճատելու բնույթ:

 

Ինչ վերաբերում է Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրություններին, ապա դրանք ընթանում են օբյեկտիվ, օրինական կարգով»:

 

Հայտարարության տակ ստորագրել են' Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ' Հեղինե Սարգսյանը, դասախոսներ' Արմեն Ծատուրյանը, Նառա Սրապյանը, Զարուհի Մկրտչյանը, Բիայնա Հովեյանը, Գոհար Գասպարյանը, Նինա Գուլինան, Մարգարիտա Խուդավերդյանը, Աննա Ավետիսյանը, Լուսինե Գալստյանը, Բելա Սահակյանը, Նարինե Բրսիկյանը, Լուսինե Թովմասյանը, Վահե Ազատյանը, Գ. Գրիգորյանը, Լուսինե Շարիմանյանը, Անժելա Հովսեփյանը, Աննա Հարությունյանը, Լիլիթ Բարսեղյանը, Մինաս Պողոսյանը և Զարուհի Նահապետյանը:

 

Հավելենք նաև, որ ամբիոնի նիստին, որի ժամանակ ընդունվել է այս հայտարարությունը, մասնակցել են 21 հոգի, որիրց 20-ը ստորագրել են հայտարարության տակ: Ընդամնեը մեկ մարդ հրաժարվել է ստորագրել այն. խոսքը Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանի մասին է: Վերջինս ամբիոնի վարիչի' առաջադրված թեկնածուներից մեկն է»:

 

«ՉԻ» ընթերցողներին խոստացել էինք անդրադառնալ խնդրին, թե ով է հրապարակման պատվիրատուն և այն իրականացնողը: Այդ մասին կխոսենք այս շարքի հաջորդ հրապարակման շրջանակներում:


Ընտրությունն անցնելու է փակ ու գաղտնի ռեժիմով. Ով ում ուզի կարող է քվեարկել


Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչը հակադարձում է մեղադրանքներին


Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնում ընտրություններ են: Հիշեցնենք, որ ամբիոնի վարիչի տեղի համար մրցույթ է հայտարարված: Առաջադրված է երեք թեկնածու՝ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը, Հայկական բժշկական ինստիտուտի մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լևոն Անդրեասյանը և ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Լազար Եսայանը:

 

Մեր նախորդ հրապարակման շրջանակներում անդրադարձել էինք «Ժամանակ» թերթում հրապարակված հոդվածին, որտեղ անանուն մեղադրանքներ էին հնչեցվել թեկնածուներից մեկի՝ Լազար Եսայանի հասցեին: Մեզ հետ զրույցում Եսայանը հերքել էր անանուն մեղադրանքները՝ նշելով, որ միտումնավոր նախընտրական լարվածություն են հրահրում այն դեպքում, երբ ամբիոնի 21 աշխատակիցներից 18-ն իրեն երաշխավորել էին մրցույթին մասնակցելու համար:

 

Ինչպես խոստացել էինք՝ շարունակում ենք այս թեմայով «ՉԻ» հարցազրույցների շարքը: Մեր զրույցակիցն է Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Հեղինե Սարգսյանը:


- Տիկի՛ն Սարգսյան, Դուք չկաք թեկնածուների շարքում: Ինչո՞ւ:

 

- Ես այս անգամ չեմ առաջադրվել, որովհետև գիտական աշխատանքներ ունեմ կատարելու, և դրա համար պետք է ժամանակ գտնել: Վստահեցնում են, որ Լազար Եսայանը կարող է շատ լավ կառավարել այս ամբիոնը, քանի որ նա պրակտիկ գործիչ է, և՛ լավ գիտնական, և՛ առհասարակ բարոյական սկզբունքների կրող է նաև մարդկային հարաբերությունների մեջ: Հիմա մեզ լավ կառավարիչ է անհրաժեշտ, քանի որ աշխատանքները շատացել են՝ կլինիկան անջատվել է, այդ իսկ պատճառով ստրուկտուրան է փոխվել: Լազար Եսայանը շատ ավելի լավ կառավարիչ է, քան ես: Դա հասկանալով՝ գործին օգուտ տալու համար, ես կմնամ ամբիոնում: Ես բժշկական գիտությունների թեկնածու և դոցենտ եմ: Գիտական աշխատանքների մասով աշխատանք կկատարեմ՝ ինչ-որ կհանձնարարի Լազար Կառլենովիչը: Կազմակերպչական հարցերում նա ավելի խորագետ է: Կարծում եմ՝ նա ունի բոլոր արժանիքները ամբիոնը ղեկավարելու: Ես սա մեծ հպարտությամբ եմ ասում: Մենք այստեղ մեծ քանակով ուսանողներ ունենք, և բոլորս՝ դասախոսներ, ուսանողներ, ազնվությամբ, Լազար Եսայանին ընկալում ենք այնպես, ինչպես նկարագրեցի:


- Մամուլում հրապարակումներ եղան, ավելին՝ ձայնագրություն հրապարակվեց ամբիոնի նիստերից մեկից, որտեղ Եսայանն ասում է, թե ղեկավարությունն իրեն է տեսնում որպես ամբիոնի վարիչ: Սա, ըստ Ձեզ, նշանակո՞ւմ է, որ կասկածի տակ է դրվել ընտրության գաղափարը:

 

- Բոլորովին, բոլորովին: Եթե որևէ մեկին հարմար էր այդպես հասկանալ, ուրեմն այդպես էլ հասկացել ու մեկնաբանել է: Էդքան մարդ նստած էինք, ինչո՞ւ ոչ մեկն այդպես չհասկացավ: Կոնկրետ որպես ղեկավար՝ առաջինը երևի ե՞ս պետք է այդպես հասկանայի, որովհետև նստածներից ավելի մեծ փորձ ունեի: Ես դա այդպես չեմ հասկացել, բոլորովին: Եսայանի թեկնածությունն առաջարկվել է ադմինիստրացիայի կողմից (դա իրոք այդպես է), և ինքն այդ մասին մեզ բարձրաձայն ասել է: Ես դրա մեջ ոչ մի կրիմինալ բան չեմ տեսնում: Նշեմ նաև, որ ամբիոնի վարիչը ես եմ, ընտրությունների ամբողջ նախապատրաստական աշխատանքները ես եմ կազմակերպել: Ես նաև հանձնաժողովի նախագահն եմ: Նախագահից բացի հանձնաժողովն ունի երկու անդամ: Անդամներն առաջարկվել են կոլեկտիվի կողմից: Նրանց մենք չենք նշանակել: Որպես ամբիոնի վարիչ՝ նախագահը ես պետք է լինեի: Ես առաջարկեցի կոլեկտիվին առաջադրել երկու անդամ: Այդպես էլ եղավ:

 

Ըստ օրենքի, եթե առաջադրվում է մեկ մարդուց ավելի, այդ դեպքում, մեր ներքին կանոնակարգով, թողնվում է ամբիոնի վարիչի կամ ադմինիստրացիայի ընտրությանը՝ քվեարկությունը փակ անցկացնել, թե՞ բաց: Սովորաբար, եթե մեկ հոգի է լինում, բաց քվեարկություն է իրականացվում, բայց եթե մեկ տեղի համար մի քանի թեկնածուներ են պայքարում, ավելի կոռեկտ է փակ անցկացնել քվեարկությունը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կարծիքն ավելի ազատ ու օբյեկտիվ արտահայտել: Այս դեպքում, քանի որ թեկնածուները 3-ն են, ուստի քվեարկությունը փակ է լինելու: Ամեն մեկը կարող է ընտրել նրան, ում կցանկանա: Նման իրավիճակում՝ անհասկանալի հետևություններ անել և ընտրության գաղափարը դնել կասկածի տակ, առնվազն տարօրինակ է:


-Հրապարակված ձայնագրության մեջ Լազար Եսայանը նաև ասում է «Համապատասխան սենյակներում, համապատասխան դրույքներով մենք կաշխատենք: Բնականաբար, ես չեմ ասի, որ դուք վճարումներ չեք անելու: Բնականաբար պիտի անեք: Եթե «կռեսլո» պիտի զբաղեցնեք, ուրեմն պիտի վճարեք: Ի՞նչ գումար և ինչպե՞ս՝ դա ես նույնպես իմ ղեկավարության հետ կքննարկեմ»: Ինչպե՞ս կբացատրեք այս հայտարարությունը: Ի դեպ՝ ձայնագրությանը կից տեքստում մեղադրանք կար, թե դեղեր են յուրացվել:

 

- Այստեղ յուրաքանչյուր կետ՝ սկսած դեղատնից, վերջացրած պոլիկլինիկաներով ու կլինիկաներով, պետք է համապատասխան գումար վճարի համալսարանական ֆոնդին: Չէ՞ որ այստեղ դասախոսները ոչ միայն կրթական նպատակներով են աշխատում, այլ նաև կլինիկական ծառայություններ են մատուցում, այսինքն՝ հիվանդներ են ընդունում և բուժում, և դրա համար, բնական է, որ պետք է վճարեն: 

 

Նիստի ժամանակ խոսքը դրա մասին է եղել, և բոլորս էլ նույն ձևով ենք ընկալել Լազար Կառլենովիչի հայտարարությունը՝ պետք է հիվանդին ծառայություն մատուցելու համար համապատասխան վճարումներ կատարել բյուջե: Երկհարկանի այս կլինիկայից օգտվում ենք, ուրեմն՝ այդ կլինիկան զրոյականով աշխատի համալսարանում, և մենք ոչինչ չտա՞նք: Նման բան ինչպե՞ս եք պատկերացնում: Բոլորս պրակտիկ բժիշկներ ենք, և մենք օրինական հիմքերով ենք աշխատել ու այդպես էլ շարունակելու ենք անել: Դրա մասին է եղել խոսքը: Հիմա ում ինչպես հարմար է՝ այդպես է հասկանում ու մեկնաբանում: Եթե նրանց խելքն այդքան է հասնում՝ էլ ինչի՞ մասին է խոսքը: Այստեղ դրամարկղի մոտ համապատասխան անձ է նստած, ավագ բուժքրոջ հաստիք կա, դեղեր ենք ստանում, և այդ բոլորի համար մենք ծախս ենք ցոււյց տալիս, այսինքն՝ պետք է վերջապես մուծում արվի՞, թե՝ ոչ: Եթե մեզ պետությունը նման հնարավորությունէ  տալիս, համապատասխան դեղորայքով է ապահովել, ուրեմն մենք էլ այդ ամենը համապատասխանաբար բաշխում-օգտագործում ենք՝ դրամարկղ գումար վճարելով: 

 

Ես Ձեզ առաջարկում եմ ցանկացած օր մտնել այստեղ՝ առանց մեր իմացության, զրուցել բուժքույրերի կամ ավագ բուժքույրերի հետ: Վստահեցնում եմ՝ Ձեզ նույնը կասեն, ինչ որ հիմա ես ասացի: Այդ գործընթացում այնքան փաստաթուղթ կա, որ պետք է ստորագրես: Հո ասելով չի՝ յուրացրեցին: Դա զրպարտություն է, որովհետև այն թվերն ու ցուցանիշները, թե ինչպիսի  ֆինանսական օգուտ է տվել կլինիկան համալսարանին, կարելի է ուղղակի հրապարակել, ընդ որում՝ նաև արխիվից հանել ու հրապարակել: Համակարգչի մեջ ամեն ամսվա համապատասխան հաշվարկը կա: Եթե այս մարդը դեղերը յուրացներ, այդ բուժումներն ինչպե՞ս էին իրականացվել, էդ տվերն ինչպե՞ս էինք ներկայացնելու, ինչպե՞ս էր երևալու համալսարանի օգուտը: 


Լազար Եսայանը տարիներ շարունակ ապացուցել է, որ ինքն անբասիր աշխատող է, և նաև դրա համար է, որ ես ինձ դուրս եմ դրել մրցակցությունից՝ մեծ ուրախությամբ պատրաստակամություն հայտնելով նրա հետ աշխատելու: 



Շարունակելի

Գոհար Վեզիրյան