Երևանում նոյեմբերի 24-ին կայացել են միջգերատեսչական խորհրդատվություններ Հայաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկու մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդատվությու նների ընթացքում առարկայորեն քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ:

 

Պատշաճ ուշադրություն է հատկացվել եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը' հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը:

 

Հանգամանալից քննարկում է ծավալվել 200-ից ավելի պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և ընդլայնման հարցերի շուրջ:

 

Խորհրդատվությունների մասնակիցներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: