Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան և մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը տեսակետեր են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումներն իրականացվել են «Թվիթեր»-ում #ChatWAmb հաշթագի միջոցով:

 

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ այն կարևոր է ողջ տարածաշրջանի համար: «Միացյալ Թագավորությունն աջակցում է երկու երկրերի միջև իրականացվող փոխանակման ծրագրերին, մեդիանախագծերին, որոնք, հուսով եմ, հաջորդ տարի իրենց շարունակությունը կունենան»,-նշել է Լիչը:

 

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Թրայան Հրիսեթան ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացին: «Եվրամիությունը ֆինանսավորում է այս ուղղությամբ իրականացվող տարբեր նախագծեր, ինչպիսին է, օրինակ, Armenia-turkey.net-ը»,-նշել է նա:

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացնել բոլոր մակարդակներով՝ թե երկու երկրների կառավարությունների, թե ժողովուրդների, թե բիզնեսի միջոցով՝ չմոռանալով նաև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին: