Քեսաբում եղանակը բավականին ցրտել է, տեղումներ են սկսվել, բնակիչների մեծամասնությունը փայտ է հայթայթում ձմեռն անցկացնելու համար: Այս մասին «Արմենպրես»- ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ որոշ ընտանիքներ նավթով կանցկա ցնեն ձմեռը: Կառավարությունը մոտ 100 ընտանիքների 200լ նավթ է վաճառել, մինչև տարեվերջ այն կրկին կտամադրվի:

 

«Ընդհանուր առմամբ իրավիճակը Քեսաբում ավելի հանգիստ է, դպրոցները բնականոն գործում են, շուկաները և խանութները բաց են, մթերքի խնդիր չկա, թեպետ որոշ ապրանքներ թանկ են: Բոլոր եկեղեցիները գործում են որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց հետո»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ միջադեպեր, մեծ իրադարձություններ տեղի չեն ունեցել:

 

Հոսանքի և ջրի մասին նա նշեց, որ Քեսաբում հոսանքը, համեմատած սիրիական մյուս շրջանների հետ, ավելի կանոնավոր է մատակարարվում, օրվա ընթացքում 6 ժամով են անջատում: Ջրամատակարարումը նույնպես բարելավվել է, ջրի խնդիր համարյա չի նկատվում: Այնուամենայնիվ, մարդիկ խնայողաբար են օգտագործում ունեցածը:

 

Միկրոավտոբուսներ են գործում, որոնք բնակիչներին Քեսաբից տեղափոխում են Լաթաքիա:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: