Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ' ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։

 

2014թ. նոյեմբերի 19-ին, ժամը 22:30-ի սահմաններում, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ աջ ականջախեցու և պարանոցի շրջանում բոցով առաջին-երկրորդ աստիճանի ջերմային այրվածք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ա.Բարսեղյանը:

 

Պարզվել է, որ Ա.Բարսեղյանը վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեում գործող «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի հետևանքով:

 

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014թ. նոյեմբերի 19-ին՝ «Փուչիկների աշխարհ» կազմակերպության տնօրենը սրճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավորված լինեին հելիումով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ 2014թ. նոյեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը»:

 

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Ա.Բարսեղյանին որպես տուժող ճանաչելու մասին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: