Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը նոյեմբերի 26-ին սկսում է պաշտոնական հանդիպումները Վրաստանում: Լատվիայի ղեկավարը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով Թբիլիսի է ժամանել նախօրյակին ուշ երեկոյան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Այցի պաշտոնական մասը կսկսվի նախագահական պալատում կայանալիք ընդունելությամբ: Նաեւ պլանավորվաած են Լատվիայի նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Այցի շրջանակներում նախատեսված է մի շարք երկկողմ փաստաթղթերի ձեւակերպում:

 

Նոյեմբերի 27-ին Լատվիայի եւ Վրաստանի նախագահները կուղեւորվեն Աջարիա: Անդրիս Բերզինշը ներկա կգտնվի Լատվիայի պատվավոր հյուպատոսարանի բացման արարողությանը եւ գործարար համաժողովի շրջանակներում ներդրումային նախագծերի շնորհանդեսին: Բացի այդ, պայմանագիր կստորագրվի եղբայր քաղաքների՝ Բաթումի եւ Յուրմալայի միջեւ:

 

Լատվիայի նախագահը կայցելի Ծովային ակադեմիա, որտեղ կողմերը կստորագրեն համագործակցության հուշագիր: Լատվիայի պատվիրակությունը, որի կազմում են երկրի գործադիր իշխանության եւ գործարար շրջանների ներկայացուցիչները, Վրաստանից կմեկնի նոյեմբերի 27-ին: