Մոտ 50 խաղաղ բնակիչ է սպանվել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ հասված հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը'հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հրապարակած զեկույցը։

 

«Միջազգային կոալիցիան շարունակում է գրեթե ամեն օր ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի ուղղությամբ: Հաղորդվում է, որ հարվածներ հասցնելու սկզբից զոհվել է 865 մարդ, այդ թվում 50 քաղաքացի»,- նշվում է զեկույցում։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ի պատասխան այդ հարվածների, ահաբեկչական խմբավորումն «իր գրոհայիններին տեղակայել է բնակելի թաղամասերում, ինչը լրացուցիչ անհանգստություն է առաջացնում քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում»:

 

Իր հերթին ՄԱԿ-ին կից Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին նշում է, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին ՄԱԿ-ի ներկայացրած տվյալները լրջորեն նվազեցված են։ «Այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Իրական թվերը շատ ավելի բարձր են»,- ասել է նա՝ չնշելով ոչ մի թիվ: