ԵԱՀԿ-ն ձեռնամուխ Է եղել Եվրոպայի անվտանգությանը եւ համագործակցությանը նվիրված 1975 թվականի հելսինկյան խորհրդաժողովի օրինակով նոր համաժողովի անցկացման անհրաժեշտության քննարկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Իզվեստիա» թերթին:

 

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության շուրջ խորհրդակցության Եզրափակիչ ակտը Հելսինկիում 1975 թվականի օգոստոսի 1-ին ստորագրվել Է Եվրոպայի 33 երկրների, ԱՄՆ-ի ու Կանադայի կողմից: Այն ամրագրել Է Երկրորդ աշխարհամարտի քաղաքական ու տարածքային արդյունքները եւ հաստատել պետությունների միջեւ փոխհարաբերությունների տասն սկզբունք՝ ինքնիշխան հավասարությունը՝ ինքնիշխանությանը բնորոշ իրավունքների հարգումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների անխախտելիությունը եւ այլն:

 

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ԵԱՀԿ-ում սկսվել Է 1975 թվականի հելսինկյան խորհրդաժողովի օրինակով, որը կանգնեցրեց «սառը պատերազմը» եւ վերականգնեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների հարաբերությունները, նոր համաժողովի անցկացման անհրաժեշտության քննարկումը: Ինչպես պարզաբանում են ռուս դիվանագետները, փաստաթղթի նախագիծն արդեն կա, իսկ դրա հիմնական գաղափարը կարող Է հրապարակվել դեկտեմբերի առաջին օրերին Բազելում ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունում:

 

«Դեկտեմբերի 4-5-ը Բազելում տեղի կունենա Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ այդ գաղափարը (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը) կարող Է որոշակի տեսք ստանալ: Այն այժմ քննարկվում Է ԵԱՀԿ-ի շրջանակներում»,- «Իզվեստիա»-ին ասել Է Եվրամիությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

 

«Հելսինկի գումարած 40» հռչակագրի նախագիծը ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրվել Է 2013 թվականի դեկտեմբերին Կիեւում: Դրա նպատակը միջազգային հարթակի արդյունավետության բարձրացումն Է եւ մասնակից բոլոր երկրների կողմից նրա նկատմամբ վստահության ամրապնդումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: