Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բավարար չի համարում միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնք խաթարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հանգամանքին, Գագիկ Մինասյանը նշեց, որ միջազգային հանրության արձագանքն այդ դեպքին համարժեք չէր, քանի որ այն հասցեական չէր և կոչերը կրկին երկու կողմերին էին ուղղված:

 

«Շատ լավ կլիներ, եթե միջազգային հանրությունը քաղաքական կամք դրսևորեր և իրերն իրենց անուններով կոչեր: Հակառակ դեպքում, միջազգային հանրության նման պահվածքն Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտի է հանգեցնում: Այդ ոչ հասցեական կոչերն ավելի շատ նպաստում են ոչ թե հակամարտության խաղաղ կարգավորմանն, այլ ավելի խորացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

 

Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումը չի կարող ձեռնտու լինել որևէ մեկի համար. հակամարտության լուծման նման տարբերակը վտանգավոր կարող է լինել նաև միջազգային հանրության համար: «Եթե հանկարծ Հայաստանը և Ադրբեջանը պատերազմ սկսեն, դրանից էապես կտուժի նաև այդ նույն միջազգային հանրությունը, որովհետև մեր տարածաշրջանում պատերազմը չի կարող ազդեցություն չունենալ այլ երկրների վրա: Հատկապես այն երկրների վրա, որոնք օգտվում են Բաքվի նավթային ռեսուրսներից և տնտեսական լուրջ ծրագրեր են իրականացնում Ադրբեջանի հետ: Պատերազմն այս դեպքում կարող է լրջորեն ազդել այդ երկրների վրա, ուստի ավելի լավ կլինի նաև իրենց համար, որպեսզի ավելի խստացնեն այդ կոչերը և դրանք հասցեական դարձնեն, հստակ շեշտեն, թե ով է ագրեսորը: Սա շատ կարևոր մեսիջ է, որը մենք պետք է նաև ձեր օգնությամբ հասցնենք միջազգային հանրությանը»,- ընդգծեց պատգամավորը:

 

Հարցին, թե արդյոք բավարար են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի արտաքին գերատեսչության ջանքերը, Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության իրականացրած քայլերը համահունչ են առկա հնարավորություններին և տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակին:

 

Անդրադառնալով խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունները հետ վերադարձնելու համար իրականացված հատուկ գործողությանը՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական բանակը կարող է իրականացնել գործողություններ, որոնց մասին շատ երկրներ միայն երազել կարող են: