Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երկու նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայի ներկայիս իրավիճակը, միջսիրիական բանակցությունների և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Նախատեսվում է քննարկել նաև երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը համոզված է, որ միջազգային հանրության' ահաբեկչության դեմ պայքարը արդյունավետ չի կարող լինել առանց միջազգային նորմերին, առաջին հերթին, պետության ինքնիշխանության և երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին խստորեն հետևելու:

 

Նախարարությունը նաև նշել է, որ ծայրահեղականները մեծ տարածքներ են գրավել Սիրիայում և Իրաքում և ամեն օր անմարդկային, դաժան հանցագործություններ են իրականացնում՝ բացահայտ մահապատժի ենթարկելով մարդկանց: Գրաված տարածքներում ընդլայնվել է մարդկանց, հատկապես կանանց առք ու վաճառքը: