Հայաստանի կառավարությունը մեկ տարով կերկարաձգի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի ներմուծված նորածնային շնչառական դիագնոստիկ սարքի նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:

 

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ը «Fisher & Paykel» ընկերության հետ կատարում է գիտահետազատոկան աշխատանքներ' ուղղված նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությանը:

 

«Երկու կազմակերպությունների համատեղ հետազոտությունները շարունակվում են, սակայն, համաձայն մաքսային ընթացակարգերի' սարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը լրանում է ս.թ. 2015 թ. հունվարի 13-ին: Նկատի ունենալով այդ հանգամանքը' Ընկերությունը սահմանված կարգով դիմել է ՀՀ կառավարություն' խնդրելով երկարաձգել նշված հետազոտությունների համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված դիագնոստիկ սարքավորումների համապատասխան ռեժիմի ժամկետը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ առաջարկվում է դրական լուծում տալ խնդրին: Ակնկալվում է, որ առողջապահական ծրագրային միջոցառումների իրականացման միջոցով կուժեղացվեն մոր և մանկան առողջության պահպանման համակարգում կանխարգելիչ ծրագրային ուղղությունները, կբարելավվի մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակը ու հասանելիությունը: