ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծ մշակելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չի կարող հաջողություն ունենալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ես խիստ կասկածում եմ, որ այդ գործընթացը կարող է ոչ միայն հաջողություն ունենալ, այլ ընդհանրապես որևէ առաջընթաց ունենալ , որովհետև արդեն եղել են քաղաքական ուժեր, որոնք բացասաբար են արտահայտվել այդ նախաձեռնության վերաբերյալ և հայտարարել են, որ իրենց օրակարգում նման խնդիր չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Դիտարկմանը, թե ինքը կարող է արդյոք միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ավելի շուտ իրենք կմիանան մեզ, քան մենք իրենց»:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Նախագահին պաշտոնանակ անելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է մշակել: Պատգամավորն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացրել է, որ որոշման նախագիծն արդեն գրեթե պատրաստ է և որոշ խմբագրումների ենթարկվելուց հետո կներկայացվի հանրությանը: