Կապանի Լեռնագործ 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների խնդիրը կլուծվի կառավարության աջակցությամբ: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատը սնանկ ճանաչվելու պատճառով իրեն պատկանող հանրակացարանը դեռեւս 2005թ. աճուրդային կարգով վաճառել է, սակայն այսօր էլ այնտեղ բնակվում է կապանցի 12 ընտանիք, որոնց հանրակացարանից վտարելու վերաբերյալ սեփականատերն ունի դատարանի վճիռ:

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 26-ին հանդիպելով հանրակացարանում բնակվող ընտանիքների հետ, տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ձեռք բերել համաձայնություն, ըստ որի, կառավարությունը կտրամադրի ֆինանսներ՝ բնակարանների գնման համար, որոնք կսեփականաշնորհվեն եւ նվիրատվության կարգով կտրվեն բնակիչներին:

 

Խնդրով մտահոգ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը օրեր առաջ եւս հանդիպել էր հանրակացարանի բնակիչների հետ եւ քննարկել խնդիրը: Չնայած հանրակացարանի շենքում ապրելու համար կենցաղային պայմանները բավարար չեն, սակայն, չունենալով բնակվելու համար այլ կացարան, բնկիչները համաձայնվել էին առաջարկել սեփականատիրոջն օտարել շենքը:

 

Գոհար Իսախանյան