Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ինքնին չեն փոխի նրա գործողությունների բնույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության ղեկավարը հայտարարել է բրիտանական Financial Times հրատարակությանը տված հարցազրույցում, որը հոդ ված է հրապարակել «Վրաստանը կոչ է անում Արեւմուտքին՝ դատապարտել Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կնքված պայմանագիրը» վերտառությամբ:

 

Ղարիբաշվիլին նշել է, որ արեւմտյան ղեկավարները պետք է «ուղղակի երկխոսություն» վարեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջ դնեն Ուկրաինայում շարունակվող ճգնաժամին: «Առանց երկխոսության այդ հակամարտությունը չի կարգավորվի, պետք է ուղղակի երկխոսություն կայանա Ռուսաստանի առաջնորդի հետ: Բանակցությունները պետք է վարեն արեւմտյան ղեկավարները»,- նշել է Ղարիբաշվիլին:

 

Դրա հետ մեկտեղ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ «միայն պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի գործողությունների բնույթը», իսկ «այնպիսի կասկածելի քայլեր, ինչպիսին Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումներն են, սոսկ պատերազմի բորբոքման վտանգ են պարունակում», հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: