Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահը ԼՂՀ պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ և ամերիկացի մի խումբ հասա րակական ու քաղաքական գործիչների' Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի և Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձևի ընդունմանը սատարելու համար:

 

Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Նախագահ Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության և մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ:

 

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնատար այլ անձինք, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: