Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեսնելով, որ Անդրիաս Ղուկասյանը չի դադարեցնում հացադուլը, ՀՀԿ գործկոմի արտահերթ նիստ է հրավիրվում նախընտրական մարտավարության շտապ փոփոխությունների օրակարգով: Որոշվում է, որ կոնտրհացադուլի համար մյուս թեկնածուներին կիրառելը անօգուտ է եւ պետք է կոնտրհացադուլ անի պատկառելի ՀՀԿ-ականներից որեւէ մեկը, ով իր անձնազոհությամբ պետք է օգնի Սերժ Սարգսյանի քարոզարշավին: ՀՀԿ-ականները քննարկում են, թե ով է հացադուլի նստելու: Սերժ Սարգսյանը հերթով հարցնում է, թե ով է հանուն իրեն պատրաստ գոնե մի քանի օր չուտել:
«Շեֆ ջան, ինչ ա եղել որ, հանուն քեզ ես ոչ թե մի քանի օր, կարամ մի քանի շաբաթ չուտեմ» քննարկումը դեռ չսկսված բղավում է Վարդան Այվազյանն ու գալիս առաջ:
«Վարդան, խոսքը կաշառքի մասին չէ, խոսքը հաց չուտելու մասին է», ասում է Սերժ Սարգսյանը:
Վարդան Այվազյանը մնում է տեղում կանգնած: «Շեֆ ջան, բա ես գիտեի պիտի կաշառք չուտենք: Բայց ես կարամ հաց էլ չուտեմ, ուղղակի որ հաց չուտեմ, դրա տեղը պիտի կաշառք ուտեմ: Կստացվի, որ հացադուլի ժամանակ ես պետք ա ավելի շատ կաշառք ուտեմ», ասում է Վարդան Այվազյանը:
«Չէ, պետք չի, կերածներդ հազիվ ենք պահում, ուր մնաց ավելի շատ ուտես», տեղից բացականչում է գործկոմի նիստին խորհրդատուի կարգավիճակով մասնակցող Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Հովիկ, գուցե դու՞», հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, ինձ չի կարելի սոված մնալ: Եթե սոված մնամ, կրակած մազերս կսկսեն թափվել: Ստիպված պետք ա նորը կրակել տամ: Կրակելն էլ շատ թանկ ա: Էդ փողը կամ պետք ա բյուջեից հանենք, կամ պետք ա բյուջե չտամ, որ էդ փողը հանեմ: Էս երկիրը էս խեղճ վիճակում, արժի՞, որ էդքան թազա ծախս անենք մազերիս համար », ասում է Հովիկ Աբրահամյանը:
«Ճիշտ ես ասում, հիմա մազերիդ վախտը չի», ասում է Սերժ Սարգսյանն ու հայացքով այլ հացադուլավոր փնտրում: Երբ նրա հայացքը կանգ է առնում Տիգրան Սարգսյանի վրա, վարչապետը անմիջապես ասում է. «Բայց ի՞նչ պարտադիր ա, որ Հովիկը մազ ունենա: Եթե առանց խելքի յոլա ա գնում, ո՞նց չի կարա առանց մազի յոլա գնա»:
Հովիկ Աբրահամյանի մազերը զարույթից բիզ-բիզ են կանգնում: Նա ուզում է գոռալ, բայց սպասում է Սերժ Սարգսյանի արձագանքին: Սերժ Սարգսյանը երկար նայում է Աբրահամյանին: Հովիկ Աբրահամյանը զգում է, որ եթե մի քիչ էլ լռի, կարող է կայացվել ճակատագրական որոշում:
«Պարոն նախագահ, սրանք կախարդական մազեր են», այլ բան չի անցնում Աբրահամյանի մտքով:
«Այսինքն», զարմացած հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Դե, կարող եք ցանկություն մտապահել եւ քաշել, կկատարվի», ասում է Հովիկ Աբրահամյանը:
«Լու՞րջ, բա ինչի՞ մինչեւ հիմա չէիր ասում», հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Ես էլ եմ նոր իմացել, Սերժ Ազատիչ», ասում է Հովիկ Աբրահամյանը:
«Հիմա որ ցանկություն պահեմ մազդ պոկեմ, կկատարվի՞», հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Կկատարվի, ուղղակի նայած երբ կկատարվի», ասում է Հովիկ Աբրահամյանը:
«Բա ինչքանի՞ց կկատարվի», հարցնում է Սարգսյանը:
«Դե նայած ինչ ցանկություն, պարոն նախագահ», ասում է Աբրահամյանը:
Սերժ Սարգսյանը պոկում է մազերից մեկը: Քար լռություն է: Ոչինչ չի կատարվում: Սերժ Սարգսյանը մռայլվում է: Հովիկ Աբրահամյանը մտածում է, որ վերջ՝ հիմա կհրամայեն նստել հացադուլի: «Մի հատ միացրեք հեռուստացույցը», ասում է Սերժ Սարգսյանը: Միացնում են այն պահին, երբ լուրերով ցույց են տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակում վարսավիրանոցում նստած է մազերը կտրելու:
«Չէ, Տիկո, Հովիկի մազերը պետք ա մնան», հանկարծ ասում է Սերժ Սարգսյանը:
«Բայց ոչինչ չկատարվեց, պարոն նախագահ, նա խաբեց ուրեմն, մազերը կախարդական չեն», ասում է Տիգրան Սարգսյանը:
«Ոչինչ, Րաֆֆին մազերն ա կտրում, եթե Հովիկն էլ քաչալանա, կստացվի իշխանություն-ընդդիմություն նույն բանն են անում, ու կսկսեն կասկածել, որ Րաֆֆին ընդդիմություն ա, ձայն չեն տա: Բա որ երկրորդ փուլ պետք լինի, ես հո վարսավիրի հետ դուրս չեմ գալու», ասում է Սերժ Սարգսյանը, հետո ավելացնում Հովիկ Աբրահամյանի համար. «Իսկ խաբելու համար դեռ պատասխան ես տալու, սպասի էս ընտրությունները անցնեն»:
Հովիկ Աբրահամյանն ուրախանում է, որ խուսափեց հացադուլից: «Մարդ ավելի լավ ա պատասխան տա, քան թե հաց չուտի», մտածում է նա:
«Տիգրան, ամեն դեպքում գուցե դու՞», հարցնում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, ձեր հանձնարարականները ես կատարում եմ անշեղորեն, եւ շատ կուզենայի կատարել նաեւ այս մեկը, բայց կան ծանրակշիռ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս մեզ առաջ գնալ այդ հարցում», ասում է Տիգրան Սարգսյանը:
«Տիկո, ելույթ չես ունենում, մարդավարի ասա, տեսնեմ ինչի չես կարա», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, մենաշնորհների դեմ պայքարը ինձանից պահանջում է հակառակը՝ ուտել հնարավորինս շատ, այնքան շատ, որ ներկրող օլիգարխներին ապացուցեմ, որ նրանք միայնակ ի զորու չեն Հայաստանն ապահովել առաջին անհրաժեշտության մթերքներով եւ համաձայնեն, որ ուրիշներն էլ ներկրեն», ասում է Տիգրան Սարգսյանը:
«Հա, Տիգրան, դա շատ կարեւոր է, դու հացադուլ մի արա, դու կեր, շատ կեր, երբեք կանգ չառնես, մենք պետք է հաղթենք մենաշնորհներին: Ի դեպ, բա ինչի՞ հիմա չես ուտում», ասում է Սերժ Սարգսյանը:
«Դե մի քիչ հանգստանամ, պարոն նախագահ», պատասխանում է վարչապետը:
«Մհեր, իսկ դո՞ւ», հարցնում է Սերժ Սարգսյանը Թոխմախի Մհերին:
«Դե, ես կուշտ եմ, շեֆ ջան», ասում է Մհերը:
«Մհեր, չեմ հարցնում ինչի չես ուտում, հարցնում եմ իսկ դու կնստե՞ս իմ համար հացադուլի», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, ցավդ տանեմ, եթե պետք ա քո համար հազար հոգի ճարեմ նստցնեմ հացադուլի, բայց եթե ես հաց չուտեմ, ծնոտս կբռնվի, իսկ եթե ծնոտս բռնվի, ես չեմ կարող պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Եթե էս կուսակցության մեջ ես լրագրողների հարցերին չպատասխանեմ, բա հո Շարմազանովն ու Գալուստը չե՞ն պատասխանելու», ասում է Մհեր Սեդրակյանը:
Սերժ Սարգսյանը դիմում է Գալուստ Սահակյանին: «Ի դեպ, Գալուստ Գրիգորիչ, միգուցե դուք օգնեք ինձ»:
«Պարոն նախագահ, ես ավելի լավ է մեռնեմ, քան իմ հայրենիքում նստեմ հացադուլի: Հայրենիքը հացադուլի համար չէ: Մեր գաղափարական հայրերը հայրենիք են ստեղծել, ոչ թե որ զավակներն ու թոռները սոված մնան, այլ որ ուտեն ու հիշեն պապերին», ասում է Գալուստ Սահակյանը:
«Ես էլ», «Ես էլ», «Մենք էլ», ասում են ՀՀԿ գործկոմի անդամները:
«Ցավդ տանեմ Գրիգորիչ ջան, ճիշտ ա, ոնց որ Նժդեհն ա ասել՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», բացականչում է Լիսկան:
«Արա, էտի Նժդեհը չի ասել, էտի Սասունցի Դավիթն ա ասել: Չես հավատում, գնա էպոսագետին հարցրու», բացականչում է Ռուբեն Հայրապետյանը:
«Ռուբո ջան, իմ հավատարիմ օլիգարխ, հույսս դու ես», նրան է դիմում Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, դուք ուզում եք, որ մենք մեր հայրենիքն ու հայրենակիցների՞ն ուտենք», հարցնում է Ռուբեն Հայրապետյանը:
«Չէ, Ռուբո, ես ուզում եմ, որ ձեզանից գոնե մեկը հաց չուտի, հաց, գոնե մի քանի օր, շատ պետք ա հիմա», ասում է Սերժ Սարգսյանը:
«Պարոն նախագահ, բայց մենք հենց մենակ հաց ուտելու ժամանակ ա, որ հայրենիքն ու հայրենակիցներին ուտելը մի պահ թարգում ենք», ասում է Հայրապետյանը: