Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության փակ նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի հետ կապված հարցեր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

«Քննարկել ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Քննարկումը եղել է կառուցողական, ստացել ենք մեզ հուզող հարցերի պատասխանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

 

Նա ընդգծեց, որ նիստի ընթացքում քննարկվել է այն հարցը, թե ինչու Հայաստանը ԵՏՄ կոլեգիայում պետք է ունենա 3 նախարար, սակայն միայն մեկ ձայնի իրավունք: «Եթե մենք պնդում էինք, որ երեք ձայն պետք է ունենանք, այդ ժամանակ մի հինգ-վեց ամիս կրկին պետք է հետաձգվեր մեր անդամակցությունը, քանի որ լրացուցիչ քննարկումների կարիք կլիներ»,- պարզաբանեց Վահրամ Բաղդասարյանը' հավելելով, որ մինչև 2016 թվականի փետրվարն այդ կարգը կգործի, բայց դա որևէ խնդիր չի կարող առաջացնել Հայաստանի համար:

 

Հարցին, թե ինչու է Հայաստանը շտապում ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մաքսային միությունը հունվարի մեկից իր գործառույթն ավարտում է, և արդեն ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությունը: Մենք պետք է առաջիններից լինենք, որպեսզի կարողանանք լիիրավ իրավունքներով մասնակցել: Եթե մի գործի գնում ես, ինչքան շուտ, այնքան լավ, քանի որ քո դրվածքը կարողանում ես դնել»:

 

ՀՀԿ պատգամավորը նաև վստահեցրեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի լինելու: Նա նշեց, որ այդ հարցում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է: