Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը նախարար Նալբանդյանի՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթին խոսում է փաստերի իսպառ բացակայության մասին»,- գրել է Բալայանը:

 

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով, որի ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է:

 

Նա նշել է, որ առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը' Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված է եղել դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու համար խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։

 

Նալբանդյանը նկատել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների' ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանն իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը' օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

 

Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը' ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վս տահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ' կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք' Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար: