Միացյալ ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողովի (UNECE) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն օրերս մասնակցել է Ավստրիական Հանրապետության Գրաց քաղաքում կայացած «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը համաժողովում հանդես է եկել «Ինչպե՞ս են անցումային տնտեսություն ունեցող երկրների կառավարություններն աջակցում «խելացի քաղաք» նախաձեռնությանը» թեմայով (Power Point Presentation), ներկայացնելով ՀՀ տարածական զարգացման ու պլանավորման բնագավառների առկա իրավիճակը, միակենտրոն տարաբնակեցման համակարգից' բազմակենտրոն համակարգին անցնելու մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները, տարածական պլանավորման հիմնարար դերը քաղաքների կայուն զարգացումն ապահովելու առումով:

 

Տիկին Ալավերդյանն իր ելույթում կարևորել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի համար միջազգային կազմակերպությունների հետ համատեղ' «խելացի քաղաք» պիլոտային ծրագրի մշակումը:

 

Համաժողովը, իբրև Եվրոպայի կայուն զարգացման խնդիրներին առնչվող հեղինակավոր և ազդեցիկ միջոցառում, նպատակ ունի աջակցել քաղաքներին, դրանց պաշտոնական ներկայացուցիչներն և քաղաքաշինության քաղաքականության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին բնակավայրերի առավել բարենպաստ միջավայրի ձևավորման հարցերում, միաժամանակ լավագույն հնարավորություն ընձեռելով աշխարհի փորձի և նորագույն գաղափարների փոխանակման, համագործակցության եզրույթներ հաստատելու և զարգացնելու համար:

 

Համաժողովն արձանագրել է ողջ աշխարհում բնակչության սրընթաց ուրբանիզացման միտումները' կարևորելով քաղաքների զարգացման մեջ «կանաչ» գաղափարախոսության ներառումը: Այս համատեքստում է նաև ՄԱԿ-Ի «ՀԵՏ-ՌԻՈ+20» և «ՀԱԲԻՏԱՏ-III»-ի շրջանակներում քաղաքների գնահատումը, ինչպես նաև միջազգային մակարդակում մի շարք ինովացիոն ծրագրերի, այդ թվում' «խելացի քաղաք»/smart city նախաձեռնության իրագործումը:

 

«Խելացի քաղաք» նախաձեռնությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությամբ հետապնդում է միմյանց փ ոխլրացնող բնական և մարդածին միջավայրերի ներդաշնակ համակցման արդյունքում մարդու համար բնակվելու, աշխատելու և հանգստի համար բարենպաստ և անվտանգ կենսատարածքի ձևավորման նպատակ:

 

Համաժողովի աշխատանքներին ելույթով հանդես է եկել նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների, փորձագետների և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրամիության երկրների քաղաքապետերի հետ:

 

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի պիլոտային ծրագրի հայեցակարգը և դրա իրագործման միջոցառումների ծրագիրը մշակելու վերաբերյալ' «խելացի» քաղաքների միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա , «կանաչ ճարտարապետության» հիմնարար սկզբունքների կիրառմամբ:

 

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային տնտեսական հարաբերությունների կազմակերպության (OiER) ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային փորձագետների' 2015 թվականի փետրվար ամսին Հայաստան գործուղելու վերաբերյալ' Գորիս քաղաքում նախնական ուսումնասիրություններ կատարելու և «խելացի» քաղաքների միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ հայեցակարգի մշակմանն աջակցելու համար: