Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «լկտիության» եւ չափից ավելի պահանջներ ներկայացնելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Defense news-ը:

 

Նշվում է, որ Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն Էրդողանը հնչեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա կատարած այցը կիրակի ավարտվելուց հետո Անկարայում մի խումբ գործարարների առաջ այսօր ունեցած ելույթում:

 

«Ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ մենք դեմ ենք լկտիությանը եւ անվերջ պահանջներին», - հայտարարել է Թուրքիայի Նախագահը' նկատի ունենալով ԱՄՆ-ի քաղաքականությունը:

 

Էրդողանը Վաշինգտոնին մեղադրել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեջ, որպեսզի ստիպի իրեն օգնել պաշարված սիրիական Քոբանի քաղաքն ազատագրել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչներից: Բացի այդ, ԱՄՆ-ն ցանկանում են օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմական ավիաբազան' ամերիկյան ավիացիայի կողմից ԻՊ-ի դեմ գրոհների համար:

 

Defens news-ը գրում է, որ Էրդողանի խոսքերը ցուցադրում են ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ հարաբերություններում առկա լարվածության աստիճանը:

 

Ըստ պարբերականի' ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մեջ լարվածության աճի վրա ազդել է անցյալ շաբաթ Բայդենի կողմից Էրդողանի հասցեին արած հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում իսլամիստական ապստամբական ուժերին Թուրքիայի աջակցական քաղաքականությունն է օժանդակել ԻՊ-ի ռազմական կազմավորումների վերելքին: