Ուկրաինայում լրագրողների անվտանգության եւ ապահովության պահպանման հարցը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է խիստ արդիական: Ռազմական գոծողությունները լուսաբանում են մեծ թվով լրագրողներ եւ շատ դժվար է թեժ կետերում ապահովել լրագրողների անվտանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում UKRINFORM-ի գլխավոր տնօրեն Օլեքսանդր Խարչենկոն փաստում է, որ որպես ազգային գործակալություն վերջին մեկ տարվա ընթացքում այս հարցի առնչությամբ լուրջ ջանքեր են իրականցնում, համագործակցում իրավապահ եւ ուժային կառույցների հետ, սակայն որեւէ լուրջ արդյունքի այդ հարցում չեն կարողացել հասնել: «Ստեղծել ենք մամուլի կենտրոն, թեժ գիծ, որոնք օգնում են լրագրողներին թեժ իրավիճակներում աշխատել:

 

ԵԱՀԿ-ի եւ Ուկրաինայի ժուռնալիստների միության հետ համատեղ իրականացնում ենք թրեյնինգներ, վերապատրաստման աշխատանքներ, սակայն խնդիրներն այդպես էլ չեն կարգավորվում: Լրագրողների ապահովագրումը շարունակում է մնալ մեծ հարց: Եթ ե արեւմտյան լրատվամիջոցները կարողանում են իրենց լրագրողներին կատարելապես ապահովագրել հակամարտության թեժ կետերում, ռազմական գործողությունների ժամանակ, ապա այսօր ուկրաինական լրատվամիջոցները, հատկապես պետական, չեն կարող նման բան անել: Հենց այդ պատճառով, շատ լրագրողներ, դժբախտաբար, իրենց վախի, կյանքի եւ առողջության հաշվին են հոդվածներ, ռեպորտաժներ պատրաստում»,-ասաց Խարչենկոն' հավելելով, որ շատ հաճախ հակամարտության թեժ կետերից բերված լուսանկարները, հոդվածներն ու վիդեոները մարդկային կյանքեր են արժենում:

 

«Մեր գործակալության ֆոտոլրագրողը չորս լրագրողների հետ միասին մեքենայով անցել է հակամարտության թեժ կետով եւ մեքենայի վրա կրակոցներ են արձակվել: Բարեբախտաբար նրանք ողջ են մնացել: Խմբից մեկը վիրավորվել է, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում եւ հակամարտության գոտում կատարած ֆոտոռեպորտաժը կարող էր չորս մարդու կյանք արժենալ»,- ասաց Խարչենկոն' հավելելով, թե չկա ստույգ թիվ, թե ուկրաինական ճգնաժամի եւ ռազմական գործողությունների հետեւանքով քանի լրագրող է մահացել: «Վիճակագրական տվյալներ կան, սակայն դրանք միշտ չէ, որ վերջնական թիվն են ցույց տալիս, քանի որ շատ հաճախ լրագրողները մեկնում են մարտի դաշտ, որպես սովորական քաղաքացիներ եւ նաեւ մասնակցում են ռազմական գործողություններին: Իմ գործընկեր Օլեգ Զադանչյուկը, որ այս տարի է զոհվել, որպես կամավոր էր Դոնբասում եւ ծառայության 4-րդ օրը զոհվել է: Մեր գործակալությունից այս պահին չորս մարդ ծառայում է բանակում եւ մասնակցում ռազմական գործողություններին»,- ասաց Խարչենկոն:

 

Լրագրությունը համարվում է ամենավտանգավոր մասնագիտություններից մեկն ու տարեցտարի հակամարտությունների գոտում մասնագիտական գործունեության համար զոհված լրագրողների թիվն ավելի է մեծանում: Ուկրաինա, Սիրիա, Մերձավոր Արեւելք, Իրաք, Պաղեստին, Աֆղանստան. սրանք այն երկրներն են, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակվում են ռազմական գործողություններն ու որտեղ ամենից շատն են զոհվել լրագրողները: