Կարծիք կա, որ ԵՏՄ-ին միանալու որոշումը Հայաստանը կայացրել է ռուսական ճնշումների հետևանքով: Սա իրականություն է ու հաստատվում է ոչ միայն Հայաստանի օրինակով, այլ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող այլ իրադարձություններով: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, որտեղ իսկական պատերազմ է հրահրվել՝ այն պատճառով, որ այդ երկիրն ընտրել է զարգացման ճանապարհ, որը Կրեմլի սրտով չէ: Եվրաասոցացման ուղին բռնած Վրաստանին Մոսկվան պատժում է՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան «կլանելով»:


Հայաստանի իշխանությանը նույնպես վախեցրել են, վախեցրել են ավելի թանկ գազով ու պատերազմի վերսկսման հեռանկարով ու էլի հազար ու մի գործոնով, որը կարող է կաշկանդել իշխանությանը, որը ոտքերի վրա ամուր կանգնած չէ:


Եվրամիությունն էլ, որը չորս տարի բանակցում, գրում-ջնջում էր Հայաստանի ղեկավարության հետ,անվտանգության հստակ երաշխիքներ, կայուն զարգացման հուսալի բանաձևեր չառաջարկեցԼսում էինք գեղեցիկ խոստումներ, լուսավոր ապագայի տեսլականի մասին դասախոսություններ, որոնք, սակայն, ոչինչ չեն կարող տալ երկրի, որը կիսապատերազմական վիճակում է, երկու հարևանի կողմից շրջափակված է, ունի էներգետիկ կախվածություն, ոչինչ չարժեցող տնտեսություն:

 

Այս գործոնները՝ Մոսկվայի կոշտությունն ու Բրյուսելի ոչ ադեկվատությունը կան, առկա են:

 

Բայց առկա է նաև Հայաստանի վերնախավ կոչվածի մենթալիտետի, ճաշակի, արժեքային ընտրության հարց:

 

Կասկածելի օրինականություն ունեցող, քաղաքական լեգալ գործիքներից խուսափող իշխանությունների համար դժվար, եթե չասենք՝ անհնար է աշխատել եվրոպական կառույցերի հետ, որոնք՝ բյուրոկրատացած լինելով հանդերձ, գտնվում են իրենց հասարակությունների ճնշումների, մշտական վերահսկողության ռեժիմում: Կարող ես մեկ կամ երկու ընտրության «լավ» գնահատականի համար գայթակղել, կաշառել եվրոպացի դիտորդներին, կարճաժամկետ հեռանկարի համար՝ լեգիտիմություն «գնել», սակայն դա հնարավոր չէ անել երկարաժամկետ կտրվածքով:


Նույնը վերաբերում է ընդդիմությանը, որն ուզում է իշխանության գալ ոչ թե հասարակության աջակցության շնորհիվ կամ ընտրություններում հաղթելու ճանապարհով, այլ խարդավանքներով,Մոսկվային սիրաշահելով ու քծնելովՄեր ընդդիմությունն էլ քաղաքական լեգալ պայքարի պատրաստ չէ ու, եթե իշխանությունը Կրեմլին քծնում է՝ աթոռ չկորցնելու, ապա ընդդիմությունն էլ՝ աթոռի տիրանալու համար:

 

Էլ չասած այն մասին, որ Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն օլիգարխիկ են:Օլիգարխիան եվրասիական միջավայրում իրեն զգում է՝ ինչպես «ձուկը ջրում»: Կոմունիստական իշխանության տարիներին ընդունված էր բաստուրմայով ու կոնյակով Մոսկվայում հարցերը լուծելը, նույնիսկ՝ բարդ հարցերը: Հավատացեք՝ շատ քիչ բան է փոխվել. մեր գործարարներից շատերը հիմա ռուսաստաններում հարց են լուծում «քյաշով», ստվերային պայմանավորվածություններով: Դա ներդաշնակ է եվրասիական «մշակույթին»: Դրա համար՝ մեր տնտեսական էլիտային, իրականում՝ օլիգարխիային, չեն հետաքրքրում իրենց արտադրանքի որակն ու մրցունակությունը, բաներ, որոնք առաջնային են Եվրոպայում:


Հայաստանի եվրասիականացումը հետևանք է Մոսկվայի ճնշման, որը, սակայն, հայկական էլիտա կոչվածի սրտով է, ճաշակով է:



Սուրեն Սուրենյանց