ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ'նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան:

 

Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին'նախարարը գոհունակությամբ նշել է , որ դրանց շրջանակում նախատեսված ծրագրերը բարեհաջող են ընթանում: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների ձեռքբերումները' միաժամանակ նշելով լուծումներ պահանջող հիմնահարցերը, մասնավորապես, տեղական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղացիական միությունների և կոոպերատիվների ձևավորման, վերամշակող արդյունաբերության արդիականացման և բնական աղետների դեմ առավել արդյունավետ պայքարի միջոցների ներդրման անհրաժեշտությունը:

 

Դեսպանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ երկկողմ համագործակցության տեսանկյունից պետական մակարդակով և մասնավոր հատվածում գրանցվել են զգալի հաջողություններ: Դեսպանը հաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը Հայաստանին գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հարցում: Այդ կապակցությամբ նա նաև տեղեկացրել է, որ 201 5 թվականին նախատեսվում է խաղողագործության և գինեգործության բնագավառի ֆրանսիացի փորձագետների այցը Հայաստան' համագործակցությունն ավելի ընդլայնելու նպատակով:

 

Հաշվի առնելով առկա ներուժը' կողմերը մեկ անգամ ևս հաստատել են, որ գյուղատնտեսության բնագավառը երկու երկրների համար գրավիչ է համագործակցության տեսանկյունից և անհրաժեշտ են երկկողմ ջանքեր այն առավել ակտիվացնելու համար: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին փոխանցել իր ֆրանսիացի գործընկերոջը 2015 թվականին Հայաստան այցելելու հրավերը: