Հայաստանը տնտեսական մեծ ներուժ ունեցող երկիր է, և մուտքը Եվրասիական տնտեսական միություն շահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսկան BelTA լրատվական կայքը, այս մասին Բելառուսի Ազ գային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո: «Հայաստանն ունի լավ բիզնես միջավայր, մի շարք առաջատար ընկերություններ: Ես կարծում եմ, որ մենք միասին ավելի ուժեղ կլինենք»,-ասել է նա' հավելելով, որ որքան հնարավոր է շուտ Բելառուսի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայաստանի' ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը:

 

Բելառուս պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի և Բելառուսի պատգամավորները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն երկկողմ առևտրային հարաբերություններին: «Կողմերը համակարծիք են, որ Բելառուսի և Հայաստանի միջև առևտրային կապերը չեն ներառում ողջ ներուժը, որ կարող է լինել երկու երկու երկրների միջև: Այդ խնդրի վրա պետք է շատ ուշադրություն դարձնել: Առաջին հերթին' այն վերաբերում է բելառուսական մեքենաշինական արտադրանքին. ճանապարհների շինարարության Amkodor տրանսպորտային միջոցներին, MAZ ծանր քարշակներին: Հայաստանը հաստատում է, որ իրենք այդ արտադրանքի կարիքն ունեն»,-ասել է Վլադիմիր Անդրեյչենկոն:

 

Նրա խոսքով' երկրները բավարարված են երկկողմ համագործակցությամբ: Կան միջխորհրդարանական հանձնաժողով, կանոնավոր հանդիպումներ: Երկրները աջակցում են իրար միջազգային հարթակում և միջխորհրդարանական կազմակերպությունների շփումների ձևաչափում: Նա մատնանշել է դիտորդական առաքելությունների առկայությունը, ինչպես նաև լավ զարգացած ապրանքային բաշխիչ ցանցի գոյությունը, օրինակ, հայ-բելառուսական առևտրային տունը: