Եվրասիական տնտեսական միությունում կարևորագույն բոլոր որոշումները կկայացվեն միայն կոնսենսուսի հիման վրա:

 

Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Եվրասիական տնտեսական միությունում բոլոր այն հարցերը, որոնք կարևոր նշանակություն ունեն, կապված են երկրների տնտեսական անվտանգության հետ, ընդունվելու են միայն կոնսենսուսի արդյունքում: Այսինքն, եթե կողմերից մեկը համաձայն չեղավ քննարկվող որևէ որոշման հետ, այդ որոշումը չի ընդունվելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

 

Նա ընդգծեց, որ ԵՏՄ հանձնաժողովը բաղկացած է երկու մարմիններից՝ խորհրդից և կոլեգիայից: «Կոլեգիայի որոշումները քննարկվում և հաստատվում են խորհրդում, իսկ այնտեղ քննարկումները ծավալվում են փոխվարչապետերի մակարդակով, և որոշումները կարող են ընդունվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում: Այսինքն, եթե կլինի հարց, որը չի բխի Հայաստանի շահերից, մենք կարող ենք դեմ արտահայտվել դրան, և այն չի ընդունվի»,- նշեց Կարայանը:

 

Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց նաև, թե ԵՏՄ անդամ երկրներում արդյոք նախատեսվո՞ւմ է անձի սեփականության պաշտպանության վերաբերյալ միասնական մոտեցում ունենալ: «Այսինքն' կարո՞ղ է միության անդամ որևէ երկրի քաղաքացին հստակ իմանալ, որ միության անդամ երկրներում, որտեղ իրենք ներդրումներ անելու հնարավորություն ունեն, անձի սեփականության պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է կամ բավարար չափով պաշտպանված չէ այդ իրավունքը»,- հարցրեց պատգամավորը:

 

Սուրեն Կարայանը նշեց, որ այդ հարցերը դեռևս կարգավորված չեն, միևնույն ժամանակ չբացառելով, որ հետագայում կարող է առաջանալ այդ ոլորտում միության անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման անհրաժեշտություն: