Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում քրդաբնակ Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» 10 անդամ են սպանվել քրդական պաշտպանական ուժերի հետ բախումներում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դրան զուգահեռ միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի 2 դիրքերը քաղաքի արևելյան հատվածում: ԻՊ-ի նահանջելուց հետո քրդական ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել մի քանի տարածքներ:

 

Չնայած ռմբակոծություններին' ԻՊ-ն շարունակում է վտանգ ներկայացնել քաղաքի համար: Շուրջ 70 ռումբ են արձակվել Քոբանիի տարբեր հատվածների ուղղությամբ:

 

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքում կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի կամ Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորությամբ՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: