Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 27‑ին մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառման ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա երկու տարվա գործունեության հիմնական միջոցառումները՝ իրենց ժամանակացույցով:

 

Հաշվի առնելով ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպված նախորդ միջոցառումների դրական փորձն ու կազմակերպական բարձր հմտությունները՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին առաջարկել է Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

 

Միհրան Պողոսյանի կողմից առաջարկն ընդունվելուց հետո դրա մասին խորհրդի ամենամյա լիագումար նիստի ընթացքում հայտարարվել է ներկա գտնվող երկրների պատվիրակություններին: