Եվրասիական տնտեսական միության համաձայնագրից բխող տրանսպորտային հարցերին պարզաբանումներ տալու, տրանսպորտային ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում։

 

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, տրանսպորտի վարչության պետի տեղակալ, բեռնափոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց, թե որոնք են տրանսպորտի ոլորտում ԵՏՄ-ին միանալու առանձնահատկությունները։


Բարձրացված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ համաձայնագրին միանալուց հետո գործունեության ընթացքում չեն առաջանա խնդիրներ և խոչընդոտներ, իսկ նախարարության տված պարզաբանումները լիարժեք են և բավարար։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելու ինչպես առաջին շրջանում, այնպես էլ հետագայում նախարարությունը պատրաստակամ է բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։