Նոյեմբերի 28-ին՝ Կառավարության ընդունելությունների տանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախաձեռնած միջազգային համաժողովը' «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության և արդյունավետության հզորացումը» թեմայով:

 

Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ:

 

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Պարոն Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին և հյուրերին, նշեց հետևյալը. «Անկախությունն ու արդյունավետությունն իսկապես հռչակված նպատակային արժեքներ են, և մենք ձգտելու ենք դրանց կատարելագործմանը' երկրում ընթացող հիմնական բարեփոխումների համատեքստում:

 

Անցած 7 տարիների ընթացքում և՛ պետական, և՛ հասարակական հարթակներից խոսվել է, որ մեզ հաջողվել է ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը: Պետական ռեսուրսների կառավարման և օգտագործման գործում արդեն նկատելի է զգոնությունն ու ուշադրությունը: Այս համատեքստում ՎՊ-ն, օրենսդիր և գործադիր մարմինների հետ համագործակցելով, հասել է որոշ ոլորտներում վաղուց արմատացած խնդիրների լուծմանը:

 

Վերահսկիչ պալատը պատժիչ ձեռք չէ, ավելին՝ այն կանխարգելիչ կարևոր օղակ է: Ռևիզիոն մոտեցումներն այլևս անցյալում են: Մենք որդեգրել ենք INTOSAI սկզբունքներին և արժեքներին հարազատ քաղաքականություն, և այս գործում չափազանց կարևոր է միջազգային համագործակցությունը…»:

 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ աուդիտի բարեփոխումները գերագույն կարևորություն ունեն, և Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ Վերահսկիչ պալատ: «Պետական շղթայի կատարելագործման համար հույժ կարևոր է, որ ԵՄ­ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցությունը, որպեսզի բարեփոխումները շարունակվեն:

 

Կարիք կա արագացնելու դրանց իրականացումը՝ միջազգային կառույցների հռչակագրերին և Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ»,­ասաց Հրիսթեան' հավելելով, որ ԵՄ պատվիրակությունը երկարաժամկետ հատվածում պատրաստ է օժանդակել ՎՊ­ին:

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, իր համաձայնությունը հայտնելով պարոն Հրիսթեայի հնչեցրած մտքերի հետ, նշեց, որ Գերմանիան աջակցում է ՎՊ բարեփոխումներին' հավատալով, որ այն զարգացման անքակտելի նախադրյալ է:

 

Բոլոր մասնակիցները՝ թե՛ միջազգային փորձագետներն ու թե՛ ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչները, ամփոփելով քննարկումները, արժևորեցին ՀՀ Վերահսկիչ պալատի անցած ուղին և կատարած աշխատանքները, կարևորեցին նոր բարեփոխումների անհրաժեշտությունը ներկա փուլում և իրենց աջակցությունը հայտնեցին այդ բարեփոխումները կյանքի կոչելու դժվարին գործին: