Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շակալովը, ոլորտի այլ պատասխանատուներ։

 

Մի շարք փաստաթղթերի շուրջ տեղի է ունեցել ակտիվ քննարկում։ Կողմերը նշել են, որ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում չկա որևէ խոչնդոտ, որը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի'Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացների վրա։

 

Նշվել է նաև, որ նախարարությունը պատրաստակամ է երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։