ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երևանի տարբեր հասցեներում 6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

 

Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 1 դեպքի վերաբերյալ գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ևս 1 դեպքի վերաբերյալ՝ 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

 

Նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։

 

Այսպես՝

2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը' ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը՝ Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:


Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:


2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Լուսինե Գալստյանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը, անվաթևը և հետևի նստատեղը՝պատճառելով զգալի չափի գույքային վնաս։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

 

 

2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 06։30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Հարությունյանի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հետևի անվաթևը, վահանակի ձախակողմյան անվադողը, անվահեծը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

 

 

2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01։30-04։20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Հակոբյանին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետնամասը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Վ.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։

 

 

2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ այրել Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, քանի որ ավտոմեքենայի առջևի հատվածում հայտնաբերվել է ծառի ճյուղ՝ պոլիէթիլենային տոպրակով և այլ դյուրավառ հեղուկի հետքեր։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

 

 

2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Սարգսյանին պատկանող «Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նշված բոլոր քրեական գործերով նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

 

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ քրեական գործերով քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու ուղղությամբ։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին