Այսօր հայրենի խոհրդարանում անսովոր իրադարձություն է տեղի ունեցել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու շուրջ երկուս ու կես ժամ դռնփակ հանդիպում է ունեցել պատգամավորների հետ:
Հանդիպման մանրամասները ոչ միայն չեն բացահայտել մեր պատգամավորները, այլ նաև դեսպանը, որը ընդհանուր բնույթի լակոնիկ պատասխաններ է տվել լրագրողների հարցերին:

 

Համաձայնեք՝ սովորական երևույթ չէ, որ ԱՄՆ դեսպանը ժամանում է մեր խոհրդարան ու փակ հանդիպում է ունենում: Սովորաբար, Հայաստանի ու հետխոհրդային մյուս երկրների իշխանությունների ավտորիտար բնույթը հաշվի առնելով՝ օտարերկրյա դիվանագետները գերադասում են գործ ունենալ նախագահի, գործադիր իշխանության այլ պատասխանատուների հետ, այսինքն՝ այն ինստիտուտների, որոնք իրականում կայացնում են որոշումները, կանխորոշում են երկրի զարգացման ընթացքը:

 

Խորհրդարանն, այս առումով, սիվոլիկ դերակատարություն ունի, որովհետև չեմ հիշում սկզբունքային որևէ հարց, երբ խորհրդարանը հակադրվել է նախագահի կամ կառավարության կամքին:

 

Այնուամենայնիվ, Հեֆերնը հենց խոհրդարան է եկել, ու դա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկա քառօրյայում մեր օրենսսդիրները քննարկելու են ԵՏՄ-ին Հայաստանի անդմակցության պայմանագիրը:

 

ԱՄՆ դեսպանը փորձառու դիվանագետ է ու հազիվ թե հստակ չպատկերացնի, որ խոհրդարանը գրեթե միաձայն վավերացնելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը. ընդդիմանալու է առավելագույնը վեց-յոթ պատգամավոր:

 

Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ խորհրդարանական քննարկումերն ընդամենը առիթ են, իսկ դեսպանի ասածն ավելի հեռանկարային բնույթ է կրել, ու մեր պատգամավորները կարևոր մեսիջ են ստացել Հեֆերնից:

 

Ի դեպ, անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, եվրոպական չինովնիկները կատարյալ շոկի մեջ էին, մինչդեռ ամերիկացիները սառնասրտությամբ արձագանքեցին տեղի ունեցածին՝ փաստելով, որ այդ փաստը չի փոխի հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը: Վաշինգտոնի նման արձագանքը, թերևս, բացատրվում է այն համգամանքով, որ նրանք կանխատեսել էին իրադարձությունների նման ընթացքը ու չգնացին Երևանի հետ հարաբերությունների վերանայմանը՝ նույնիսկ այն պարագայում, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն ասել էր, որ Մաքսային միություը ԽՍՀՄ-ը վերածնելու փորձ է:

 

Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը հեռանկար չի տեսնում ԵՏՄ-ի մեջ ու առանձնապես մտահոգված չէ Հայաստանի որոշմամբ՝ վստահ լինելով, որ, վաղ թե ուշ, Հայաստանը վերադառնալու է բնականոն զարգացման ուղուն:

 

Կամ էլ, Հայաստանի եվրասիականացման ֆոնին, Վաշինգտոնը փորձում է նպասստել մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, մանավանդ որ, հատկապես վերջին շրջանում, Հայաստանի ղեկավարությունը նույնպես նման ձգտում ունի: Ասենք, մեր ՊՆ-ն չհրաժարվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տարբեր ձևաչափերից, իշխանությունն ամեն կերպ նպաստեց ԵԱՀԿ Միսնկի խմբի համախագահության այս ձևաչափի պահպանմանը՝ չնայած դրա փոփոխությանն էին միտված Բաքվի, նաև Մոսկվայի ու Անկարայի ջանքերը, մեր բանակը խոչընդոտեց, որպեսզի հակամարտության գոտում հայտնվեն ռուս խաղաղապահներ:

 

Այնպես որ, չնայած մեր երկրի եվրասիական ընթացքին, ԱՄՆ դեսպանը բավականին մեծ օրակարգի շուրջ կարող է զրուցել մեր պատգամավորների հետ:

 

Սուրեն Սուրենյանց