Թուրքիայի համար ռուսաստանյան գազի լրացուցիչ ծավալների գնի մասին հարցը մանրազնին ուսումնասիրություն է պահանջում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Թուրքիա մեկնելուց առաջ «Անատոլու» լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Անկարան «Գազպրոմ»-ին խնդրում է զեղչել ընթացիկ պայմանագրով մատակարարվող գազի գինը:

 

Հոկտեմբերի սկզբին «Գազպրոմ»-ը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են մոտ ժամանակում առավելագույնս ծանրաբեռնել «Երկնագույն հոսք» գազատարը եւ դրա տարեկան հզորությունը 16-ից մեծացնել մինչեւ 19 մլրդ խոր.մ-ի:

 

«Ինչ վեաբերվում է լրացուցիչ ծավալների գնի որոշմանը, ապա այդ հարցը պահանջում է շահագրգիռ ընկերությունների գծով մանրազնին ուսումնասիրություն, այդ թվում' թուրքական գազային շուկայի իրողությունները հաշվի առնող», -ասել է Պուտինը:

 

Նրա խոսքով' վերջին տասնամյակների ընթացքում էներգետիկան երկկողմանի առեւտրա-տնտեսական համագործակցության լոկոմոտիվի դեր է կատարում:

 

ՌԴ Նախագահը նաեւ հավելել է, որ չնայած առկա որոշ տարակարծություններին, ռուս-թուրքական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: