2014 թվականի նոյեմբերի 28-ին' ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:

 

Ահազանգից անիմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ' անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։

 

Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել։