«Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի առանձին համայնքներում մոտ 80 հեկտար կարտոֆիլի բերք վերահաս ցրտերի և ձյան պատճառով մնացել էր դաշտում, առանց քանդելու, ձյան շերտի տակ: Տնտեսությունները նոյեմբերի ընթացքում սպասում էին ավելի բարեհաճ ու չոր եղանակ, որպեսզի գոնե մասամբ կարողանային հավաքել առողջ մնացած բերքը: Սակայն նոյեմբերի երրորդ տասնօրյակի հաճախակի տեղումները և ջերմաստիճանի նվազումը ի դերև հանեցին բոլոր հույսերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը և Տրետուքի գյուղապետ Ալիկ Եղիազարյանը, նոյեմբերի երկրորդ տասնօրյակում ձյան ու ցեխի մեջ մնացած բերքը փորձ արվեց քանդել ու հավաքել, բայց դա կապված էր մեծ դժվարությունների հետ. ցեխն անհնար էր դարձնում ինչպես քանդող տեխնիկայի, այնպես էլ ձեռքով հավաքող բանվորների աշխատանքը: «Մարդկանց հույսը մնաց գարնանը, երբ, այնուամենայնիվ, ստիպված կլինեն վարել ու հողի երես հանել կարտոֆիլի բերքը: Նման դեպքեր եղել են խորհրդային տարիներին, երբ կոլտնտեսությունների կարտոֆիլի դաշտերի առանձին հատվածներ մնում էին ձյան տակ և քանդվում էին վաղ գարնանը, որի ժամանակ հողից առողջ վիճակում հանվում էր բերքի մոտ 50 տոկոսը: Ամեն դեպքում, արդեն առկա է անդառնալի վնասը, իսկ թե գարնանը ինչ կլինի, կիմացվի միայն այդ ժամանակ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լյովա Աբրահամյանը:

 

Խոսրով Խլղաթյան