Նոր մանրամասներ են բացահայտվել Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ, որի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:

 

2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։ Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին' նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:

 

Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն:

 

Ավագանու որոշման հիման վրա տարածվել է հայտարարություն' նշված տարածքն աճուրդով օտարելու մասին։ Քաղաքացիների կողմից հայտեր չեն ներկայացվել, եւ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող քաղաքաշինության բաժնի 1-ին կարգի 2 մասնագետների հանձնարարել է կազմել աճուրդին մասնակցել ցանկացողների կեղծ հայտեր՝ իր կնոջ և մեկ այլ անձի տվյալներով, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատել փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը՝ աճուրդում հաղթող ճանաչելով իր կնոջը և նրան 900.000 ՀՀ դրամով օտարել 2.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։

 

Մեկ այլ դրվագում, նույն մեխանիզմով, մատչելի գնով տարածք է օտարվել քաղաքացի Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես՝ փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կազմվել է կեղծ արձանագրություն, ինչը հաստատվել է, եւ հաղթող ճանաչված Ս.Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին 295.000 դրամով օտարվել 4.628.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։

 

Նույն մեխանիզմով՝ 2007 թվականի օգոստոսին հաղթող է ճանաչվել Լարիսա Բարխուդարյանը, ում 1.232.000 դրամով օտարվել է 4.047.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ուն եցող հողատարածքը, իսկ 2008 թվականին 1.232.000 ՀՀ դրամով քաղաքացի Հարություն Դավթյանին է իրացվել 4.291.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։ Փաստացի տեղի չունեցած աճուրդում հաղթող ճանաչելով՝ նույն՝ 2008 թվականին, 1.763.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը 248.500 դրամով վաճառվել է քաղաքապետի որդուն՝ Ոսկան Ոսկանյանին։

 

Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, 2004 թվականի փետրվարին հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Գորեր» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն է նշանակել եղբորը, ում հրամանով էլ քաղաքապետի որդին նշանակվել է փոխտնօրեն։

 

Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել Գորիսի քաղաքապետարանի կազմակերպած պարզեցված ընթացակարգով մրցույթում, որի հետ Գորիսի քաղաքապետարանը կնքել է պայմանագիր՝ 2011թ. նոյեմբերի 25-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում համայնքի կարիքների'փողոցների մայթերի ասֆալբետոնե ծածկի վերականգնման, հեղեղատարների վերջամասերի կառուցման, մայթերի հիմնանորոգման, կանաչապատման, տարածքների բարեկարգման, լուսավորության, ոռոգման և ջրատարի շատրվանի հիմնանորոգման, փողոցների խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և սելավատարին միացման աշխատանքների ձեռք բերման կապալի վերաբերյալ:

 

Միաժամանակ չի ապահովվել պատշաճ վերահսկողություն եւ շինարարական աշխատանքներում հնարավոր թերությունները քողարկելու դիտավորությամբ չի պատվիրել տեխնիկական և հեղինակային հսկողություն՝ խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության'28.04.1998թ. N44 հրամանով հաստատված'«Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման մասին» հրահանգի դրույթները։

 

Ըստ դրանց՝ «Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից», «Կառուցապատողը կ ազմակերպում է տեխնիկական հսկողություն' լիցենզավորված, մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով»:

 

Արդյունքում' 30.11.2011թ., 30.04.2013թ., 06.09.2013թ., 24.09.2013թ., 30.10.2013թ. կազմված կատարողական ակտերում' նախահաշիվ-ծավալաթերթերում նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: