Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում այս տարվա սեպտեմբերին կատարված հնագիտական պեղումների եւ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ է եկել հնագույն բնակատեղի–հուշարձան, որը վերաբերում է Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի առաջին կեսին, կամ' միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորում հնագիտական ուսումնասիրություններ իրկանացնող արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը, կատարվել են հետախուզական փոքր ծավալի աշխատանքներ, որոնք, սակայն, տվել են գոհացուցիչ արդյունք:

 

Պեղված հին բնակատեղիից ստացված նյութերը' քարե կառույցները, մարդկանց ապրելու հետքերը, ճարտարապետական մտահղացումները եւ խեցեղենը փաստել են, որ այդ բնակատեղին, որի շրջակայքում մեծ թիվ են կազմում նաեւ հնագույն դամբարանները, գոյո ւթյուն են ունեցել միջին բրոնզե դար. «Տարիներ առաջ, երբ մենք ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի հետ համատեղ հնագիտական պեղումներ էինք իրականացնում Ախպրաձորին հարեւան Գեղաքար գյուղի տարածքում, ստացանք շատ հետաքրքիր ու հարուստ արդյունքներ, ինչից ելելով էլ որոշեցինք համեմատական կարգով ուսումնասիրությունները շարունակել Գեղաքարին մոտիկ գտնվող Ախպրաձորում: Կարեւորն այն էր, որ Վարդենիսի լեռնաշղթայում հայտնաբերվեց եւս մեկ միջին բրոնզեդարյան հուշարձան, որի ուսումնասիրումը նոր լույս կսփռի հնագիտության ու հայագիտության մեջ:

 

Ի դեպ, Գեղաքարն ու Ախպրաձորը ծովի մակարդակից գտնվում են ավելի քան 2200 մետր բարձրության վրա, եւ մեր ուսումնասիրությունները փաստում են, որ այս եւ շրջակա մի քանի համայնքների տարածքները եղել են ե’ւ մշտական, ե’ւ խիտ բնակեցված' խոր հնադարից մինչեւ մեր օրերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Բադալյանը: Ձեռք բերված կարեւոր նյութերն ու արդյունքները արշավախմբի համար հող են նախապատրաստել' եկող տարվա ընթացքում հնագիտական ուսումնասիրությունները Ախպրաձորի տարածքում շարունակելու, նոր արդյունքներ ի հայտ բերելու համար:

 

Արդեն մշակում ենք մյուս տարվա ախպրաձորյան պեղումների ծրագիրը: Փորձելու ենք ծավալվել դեպի Մաքենիս, դեպի գյուղի հարավային ու արեւմտյան հատվածներ, որպեսզի գաղափար կազմենք Ախպրաձորի եւ հարակից բարձրադիր գյուղերի տարածքում գտնվող հնագույն, հին կամ միջնադարյան բնակատեղիների տեղադրության ողջ պատկերը, քարտեզագրենք նորահայտ հուշարձանները: Սեւանի ավազանի հուշարձանախմբերը թեեւ բավարար ուսումնասիրված են, բայց լեռնային գոտիների շատ բնակավայրեր դեռ ուսումնասիրված չեն»,-նշեց Ռուբեն Բադալյանը:


Խոսրով Խլղաթյան