Ֆեյսբուքում «Սեյրան Օհանյան ՀՀ նախագահ 2018» անունով էջ է բացվել:

 

Ավելորդ է ասել, որ այս էջի բացումը որևէ առնչություն չունի գեներալի կամ նրա շրջապատի հետ: Սեյրան Օհանյանը բացառիկ համեստ անձնավորություն է, միշտ արտահայտել է իր հավատարմությունը երկրի քաղաքական ղեկավարությանն ու երբեք աչքի չի ընկել քաղաքական հավակնություններով: Ու որ ամենակարևորն է՝ նա կամ նրա շրջապատը երբեք հանդես չեն գա քաղաքական հավակնությունների հրապարակայնացմամբ, եթե չկա թիմային որոշում:

 

Ըստ ամենայնի, էջը բացել են մարդիկ, ովքեր խանդավառաված են բանակի վերջին ամիսների գործողություններով, անձամբ նախարարի ադեկվատ վարքագծով: Այս առումով՝ ես հասկանում եմ նախաձեռնության հեղինականների մոտիվները՝ թեև դրանք փոքր-ինչ ժամանակավրեպ եմ համարում:

 

Մյուս կողմից, Ֆեյսբուքում հանդիպեցի մարդկանց կարծիքների, որոնք մտահոգություն են հայտնում քաղաքական համակարգի միլիտարիզացիայի առթիվ:

 

Նախ, ուժային գերատեսչության որևէ ներկայացուցչի քաղաքական հավակնություններն անպայման չեն ենթադրում միլիտարիզացիայի առկայություն, և հետո՝ քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը, մեր քաղաքական համակարգում պահանջարկված են լինելու պատերազմի հետ առնչություն ունեցող մարդիկ, գործիչներ, որոնց կենսագրությունն այս կամ այն կերպ ասոցացվում է բանակի հետ: Սա օբյեկտիվ իրականություն է, մանավանդ որ միլիտարիզացիայի վտանգի մասին արտահայտվողները հաճախ չեն ձևակերպում խաղաղության քաղաքական ու հասարակական պատվերը, սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով, որը բնորոշ է անգամ ազգային դիրքերից հանդես եկող գործիչներին:

 

Մեկ ուրիշ խնդիր էլ կա, որ քաղաքական համակարգում պահանջարկված են դարձնում բանակն ու նրա ղեկավարին: Բանակը դարձել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավորը: Այն համատեքստում, երբ պետական գրեթե բոլոր մարմինների գործունեությունն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ՝ անորակ կառավարման կամ քաղաքական կամքի բացակայության հետևանքով, միայն բանակն է՝ իր ադեկվատ պահվածքով, նախարարի հայտարարություններով, ասոցացվում անկախության, պետականության հետ: Ու բնական, շատ բնական եմ համարում, որ մարդիկ հենց Սեյրան Օհանյանին են ուզում տեսնել երկրի ապագա ղեկավարի պաշտոնում:
Կա նաև խնդրի ներքաղաքական ասպեկտը:

 

Օլիգարխացված է ողջ պետական համակարգը, նաև՝ այսօրվա հարթակային ընդդիմությունը: Այս պայմաններում, ինչքան էլ պարադոքսալ հնչի՝ բանակը հենց համակարգի օլիգարխացման, դեգրադացիայի միակ հակաշիռն է, ուրեմն՝ հարաբերական ժողովրդավարության հաստատման երաշխիքը:

 

Գիտեմ, որ այս միտքը շատերին դուր չի գա, շատերը դրան կհակադրվեն, բայց այդ հակադրվողներին խորհուրդ կտամ՝ օբյեկտիվ լինել ու մի պահ պատկերացնել, թե ովքեր կարող են հավակնել Հայաստանի նախագահի պաշտոնին՝ գործող իշխանության ներսից ու Եռյակից, ու նրանց՝ այդ հավակնողներին, համեմատել Սեյրան Օհանյանի հետ: Եթե անկեղծ եք, կտեսնեք, որ բանակի այսօրվա ղեկավարն՝ իր ինստիտուցիոնալ համակարգով ու արժեքային կողմնորոշումներով, ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության, այլ նաև՝ ժողովրդավարացման երաշխավորն է:



Սուրեն Սուրենյանց