Բաքվի Գարաչուխուր ավանում գտնվող մզկիթը նոյեմբերի 26-ի գիշերը հրդեհողներից մեկն Ադրբեջանի ազգային հերոս Քամիլ Նասիբովի որդին' Նամիգ Նասիբովն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է movqe.az լրատվական կայքը:

 

Նշվում է, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել մզկիթը հրդեհելու մեջ կասկածվող Նամիգ Նասիբովին եւ Էլնուր Ալեքպերովին, ովքեր 2014 թվականի օգոստոս-սեպտեմբերին մասնակցել են Սիրիայի Քոբանի քաղաքում տեղի ունեցող մարտերին եւ Ադրբեջան վերադառնալուց հետո «Եքբուն» կոչված կազմակերպությունն են ստեղծել: Ինչպես պնդում են ադրբեջանցի իրավապահները, վերջիններս, սոցիալական ցանցերում կոչեր են հնչեցրել Բաքվում հակաիշխանական ակցիաներ կազմակերպելու մասին, ինչպես նաեւ սունիների նկատմամբ թշնամանք բովանդակող նյութեր են հրապարակել:

 

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները նաեւ «պարզել» են, որ Նասիբովն ու Ալեքպերովը ծրագրել են Բաքվում անցկացնել մի շարք ահաբեկչական գործողություններ ' մարդկանց զանգվածային կուտակմանւ վայրերում:

 

Նշվում է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան նրանք 10լ դյուռավառ հեղուկ են գնել, այն նախապես լցրել են շշերը եւ եկել Գարաչուխուր: Գիշերը ժամը 2-ին նրանք ջարդել են մզկիթի դռները եւ այրվող շշերը նետել ներս, ինչն էլ դարձել է մզկիթում հրդեհ սկսվելու պատճառ:

 

Կայքը հայտնում է, որ Նասիբովը Սիրիայում գործել է որպես կամավոր: Մասնագիտությամբ բժիշկ Ն.Նասիբովը Քրդստանի Կարմիր մահիկի միության «Էմել» հիվանդանոցում աշխատել է որպես շտապօգնության բժիշկ: 2001-2013 թվականներին նա աշխատել է Բաքվի շտապօգնության կայանում: